Խորհրդարանական էթիկան աշխատող է, երբ այն չի դիտարկվում մահակ՝ ընդդիմախոսներին պատժելու համար. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Չնայած 7-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանը շատ բուռն էր ու անգամ ուղեկցվել էր էթիկայի նորմերի խախտմամբ, նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել: Անգամ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ներկայացուցիչներն են պնդում՝ էթիկայի հանձնաժողով ունենալու անհրաժեշտության մասին խոսելու առիթներ բազմիցս են եղել:
Ըստ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր Մարիամ Բարսեղյանի՝ էթիկայի հանձնաժողով չձևավորելու պատճառը ԱԺ կանոնակարգն է ու օրենսդրական կարգավորումները, որոնց համաձայն՝ էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորվել միայն այն դեպքում, երբ կոնկրետ հարցով լինի կոնկրետ դիմում ԱԺ խմբակցության կողմից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ առաջարկ է ներկայացրել մշտական հանձնաժողովների թիվը ավելացնելու, էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու մասին, իսկ դա ենթադրում է Սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություն՝ ԱԺ-ին հնարավորություն տալով ունենալ ավելի շատ մշտական հանձնաժողովներ:
«Փոխում ենք Սահմանադրությունը, որպեսզի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը մեզ հնարավորություն տա ստեղծել էթիկայի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով»,- ասել էր Մակունցը:
«Ենթադրենք, թե այսօրվա ներքաղաքական իրավիճակն այնքան հանդարտ է, որ խորհրդարանական մեծամասնության ձեռքը հասնում է էթիկայի հանձնաժողովի հարցը կարգավորելուն, զուտ տեսականորեն շատ դժվար է հիմա պատկերացնել, թե ինչպես է դա արվելու, որովհետև, եթե Սահմանադրության մեջ փոփոխություն է, նշանակում է՝ էլի 88 պատգամավորի քվեարկություն»,- ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր Մարիամ Բարսեղյանը՝ նկատելով, որ դժվար է պատկերացնել՝ արդյո՞ք մեծամասնությունը կկարողանա պահել իր խոսքը, կունենա սահմանադրական փոփոխություն մշակելու հնարավորություն կամ աջակցություն մյուս խմբակցություններից:
Ըստ Մարիամ Բարսեղյանի՝ 4-րդ նստաշրջանում էլ չենք ունենալու էթիկայի հանձնաժողով, բայց էլի ունենալու ենք նախադեպեր՝ հարցն էթիկայի հանձնաժողովի միջոցով կարգավորելու առիթ:
ԱԺ մեծամասնության ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանի խոսքով՝ «խոստացվածն ու չիրականացվածը» պատկերի ընդամենը մի մասն են: Ըստ պատգամավորի՝ եղածում էլի մեղավոր են նախկինները, քանի որ իրենք ժառանգել են այնպիսի կարգավորումներ, որոնք իրենց սահմանափակում են: Խոսքը միայն ԱԺ խմբակցությունների կոնկրետ հարցով՝ դիմումով հանձնաժողով ստեղծելու մասին է:
«Խորհրդարանական էթիկան աշխատող է, երբ այն պակաս քաղաքական է, չի դիտարկվում փոքրամասնության կամ մեծամասնության կողմից մահակ՝ ընդդիմախոսներին պատժելու համար»,- Ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Պատգամավորը խնդրի լուծումը տեսնում է խորհրդարանական բոլոր ուժերով խաղի կանոնների շուրջ համաձայնության գալու մեջ: Գործընթացի սկիզբը, Հ. Դանիելյանի խոսքով, իրենք տվել են ու սպասում են արձագանքների:
Պատգամավորը դեռևս հստակ ժամկետ նշել չի կարողանում: Ըստ Դանիելյանի՝ հնարավոր է՝ մինչև գարնանային նստաշրջանի վերջ իրավական փոփոխություններ չունենան հայտնի հանրաքվեի ու դրան առնչվող հարցերի պատճառով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում