ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ամենաշատ բացակայած պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից է. մոնիտորինգի արդյունքներ

7-րդ գումարման Ազգային ժողովի  3-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 3-ից դեկտեմբերի 19-ը,  խորհրդարանն ընդունել է 169 օրենք, որոնց 30%-ի հեղինակը ԱԺ-ն է, 70%-ի հեղինակը՝ կառավարությունը: Սա «ԱԺ մոնիտորինգ»  ծրագրի այս նստաշրջանում ամրագրած հիմնական փոփոխությունն է:

«Կա տպավորություն, որ խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը ներքին բաժանմամբ որոշում են կայացրել չսահմանափակել օրենսդրի նախաձեռնողականությունը և մեծ ազատություն տալ դրան, ու ինչ-որ ներքին համաձայնությամբ խրախուսվում է խորհրդարանի ակտիվությունը»,- ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը չի կիսում տեսակետը, թե ունեն ներքին պայմանավորվածություն կառավարության հետ:

«Խոսքը ոչ թե ներքին, այլ, եթե կուզեք՝ արտաքին, շատ բացահայտ, շատ ուղիղ արված հայտարարության մասին է, որի հիմքում այն հավատամքն է, որ ԱԺ-ն՝ որպես օրենսդիր մարմին, պետք է կարողանա ավելի շատ իր գործունեությունը պայմանավորել և պատգամավորներին ազատ գործունեության հնարավորություն տալ»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ, իր կարծիքով, փոփոխության հիմնական պատճառը «իրապես այլ տեսակի խորհրդարան ունենալն է ու այն, որ այս խորհրդարանում ընդգրկված են մարդիկ, որոնք ավելի շատ են մոտ օրենսդիր գործունեությանը, քան երբևէ ունեցել ենք»:

Այս նստաշրջանում ընդդիմությունը և՛ ավելի շատ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, և՛ ավելի շատ մերժել է՝ նախորդ տարիների համեմատությամբ: Բայց խորհրդարանի ընդունած 53 օրենքից 15-ը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, 8-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ իրենք հաճախ նախագիծ են անում, ու հանկարծ այդ ժամանակ իշխանությունը հիշում է, որ նման նախագիծ ինքն է սկսել:

«Վերջին անգամ առաջարկեցի, որ՝ ինչ նախագիծ որ նախատեսել եք՝ գրեք, որ մենք այլ նախագծեր ներկայացնենք: Մի նախագիծ եմ ներկայացրել, որ քաղաքացիության խնդիրը լուծվի ոչ թե 6 ամսում, այլ 3 ամսում, որ կարողանանք արտերկրի մեր քաղաքացիների խնդիրը լուծել, իրենք շատ լուրջ հիմնավորմամբ մերժել են և առաջարկել են 90 օրվա ընթացքում դա անել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ նման «լուրջ» տարբերություններից ընդդիմությունը կարող է նեղացած կեցվածք ընդունել:

Չնայած ծրագրի հեղինակին այս խորհրդարանը «շատ խոսող խորհրդարան» ունենալու հեռանկար է ցույց տալիս, բայց այս գումարման ԱԺ-ի 132 պատգամավորից 20-ն ընդհանրապես քննարկումներին չի մասնակցել:

Ամենաշատ «կողմ» քվեարկել է ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանը, ամենաշատ «դեմ» է քվեարկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ամենաշատ «ձեռնպահ» քվեարկել է «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը:

Այս տարի ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակում Գագիկ Ծառուկյանը լքել է իր տեղն առաջին հորիզոնականում՝ այն փոխանցելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին: Նա ունի 132 բացակայություն: Ըստ մոնիտորինգ իրականացնողների՝ Ջուլհակյանն այդքան բացակայել է արտերկիր ունեցած այցերի հաշվին: Ամենաշատ բացակայածների շարքում նրան հաջորդում են Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի մյուս պատգամավորները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամենաշատը բացակայածների շարքում 8-րդ տեղում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս