Փորձել էր երկրորդ բջջային հեռախոսը գողանալ, ոստիկանները բռնել էին
Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է պայքարել գրպանահատության դեմ: Փետրվարի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ անձնական ունեցվածքի գողության երկու դեպք բացահայտվեց:
Հունվարի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ Թումանյան փողոցի խանութներից մեկում վերարկուի գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ սկսեցին: Փետրվարի 6-ին, մասնագիտացած ստորաբաժանման ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ, ոչ միայն բացահայտվեց կատարվածը, այլև կանխվեց հերթական գրպանահատությունը:
Կոմիտասի պողոտայում ոստիկանները նկատել էին` ինչպես է մի երիտասարդ աղջկա գրպանից փորձում բջջային հեռախոս հափշտակել, բռնել էին և Նոր Խարբերդի 29-ամյա բնակչին բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կասկածվողը խոստովանել է, որ, նշվածից զատ, հունվարի 20-ին Կենտրոն վարչական տարածքում կատարած գողությունը նույնպես իր ձեռքի գործն է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: