ՍԴ հարցում «բեսպրեդելը» շարունակվում է

Պոպուլիզմը, որպես կանոն, դրսևորվում է ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է եղել բազմաթիվ երկրներում, որտեղ կարծես թե անհնար է դա պատկերացնել, բայց ժողովրդավարությունն աչքիդ առջև վախճանվել է: Փաստն այն է, որ գործող Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները դադարեցնելու հարցը իշխանությունների համար դարձել է թիվ մեկ քաղաքական օրակարգը, և նրանք դա բնավ չեն թաքցնում, ինչպես և չեն թաքցնում, որ այսօր ՍԴ նկատմամբ տեղի է ունենում տոտալ քաղաքական գրոհ:

Նրանք բնավ չեն թաքցնում, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պատրաստվում են ազատվել Հրայր Թովմասյանից և ՍԴ մյուս դատավորներից Այս ամենի մեջ հատկանշականն այն է, որ սա տեղի է ունենում մի մարդու ցանկությամբ ու մի մարդու ուղղակի ուղղորդմամբ. խոսքը ՍԴ դատավոր, «Մարտի 1»-ի գործով փաստաբան,  Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանին հավիտյան հավատարմության երդում տված Վահե Գրիգորյանի ցանկությունների մասին է: Ըստ էության՝ Գրիգորյանը հասավ նրան, որ Փաշինյանն ամբողջ թափով ու թիմային ողջ կոնգլոմերատով լծվել է ՍԴ-ն «լիկվիդացնելու» և սեփական քմահաճույքին ծառայեցնելու գործին:

Բանը հասել է նրան, որ ոչ միայն Փաշինյանը, այլև նրա ողջ թիմակիցներն արդեն բարձրաձայն հայտարարում են, որ իրենք հասնելու են իրենց ուզածին՝ «ազատվելու են Հրայրից», և միաժամանակ՝ «թքած ունեն մասնագիտական ու միջազգային կարծիքի վրա»:

Ի դեպ, նշենք, որ մինչ օրս Գրիգորյանն այդպես էլ չի հաճախում ՍԴ նիստերին՝ բացահայտ արհամարհելով մի ամբողջ ինստիտուտ: Փաշինյանն իր իշխանության տարիներին արդեն վարժվել է և գիտի «կռուտիտի» ամենահարմար տարբերակը. «ժողովուրդը մեզ քվե է տվել, և մենք կատարում ենք ժողովրդական պահանջը»: Պատահական չէ, որ իրենց թեզերում իմքայլականներն անընդհատ շեշտում են այն պնդումը, թե «տեղի ունեցածը հանրային պահանջ է»՝ «ժողովուրդը ցանկանում է փոխել ՍԴ-ն»: Եվ սա՝ այն դեպքում, որ հանրության գերակշիռ մասն անգամ դեմքով չի ճանաչում ոչ Հրայր Թովմասյանին, ոչ ՍԴ մյուս դատավորներին: Բոլորի համար պարզ է, որ սա փաշինյանական իշխանազավթման բեգրանունդն է, կամ այլ բնորոշմամբ՝ գործողության ավարտական փուլը: Պետք է հստակ արձանագրնք, որ Փաշինյանի իշխանության տարիներին ՍԴ-ն ոչ մի գործողությամբ ու վարքագծով չի խոչընդոտել ու դիմադրել իշխանությունների գործողություններին, իր քաղաքականությամբ երբևիցե սաբոտաժի չի ենթարկել կառավարության կամ խորհրդարանի կողմից ներկայացված նախագծերը և դրանց վերաբերյալ բացասական եզրակացություն չի ներկայացրել: Եվ այստեղ հարց է առաջանում, թե այդ ո՞ր առումով է, որ Թովմասյանն ու ՍԴ-ն խանգարում են Փաշինյանին. հասկանալի է, որ հարցը միանշանակ քաղաքական է և պայմանավորված է Հրայր Թովմասյանի քաղաքական նախկին գործունեությամբ, իսկ Փաշինյանը, իրեն բնորոշ հիշաչարության մոլուցքով՝ փորձում է ազատվել այն ամենից, ինչը որոշակի հիշեցնում է ՀՀ նախկին իշխանություններին:

Հանրային բևեռացումն ու շերտավորումը, որն այսօր կիրառվում է ՀՀ-ում, ևս մեկ անգամ ապացուցում է բազում անգամներ փաստարկված այն թեզի ճշմարտացիությունը, որ իրեն «ժողովրդական» վարչապետ հռչակած և պարբերաբար մանիպուլյացիաներ ու ֆեյք օրակարգեր թելադրող Փաշինյանն ընդամենը հերթական շարքային «մուտիլովշիկ» է, ով հարմար առիթն ու պահն օգտագործելով՝ պոպուլիզմի ու դեմագոգիայի ալիքի վրա եկավ իշխանության։

Մի քանի դիտարկմամբ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանն ու բառամթերքին, որը նա կիրառեց նախօրեին խորհրդարանում: Նման փնթի ու ոչ կոռեկտ արտահայտություններն ու սպառնալից հայտարարությունները խոսում են մարդու ծայրահեղական ու բռնապետական գաղափարների մասին: Նշենք, որ ՀՀ ոչ մի ղեկավար իր ղեկավարության ժամանակ և դրանից հետո երբևէ թույլ չի տվել նման տոնայնությամբ ու ոչ պարկեշտ բառապաշարով կառուցել իր ելույթներն ու ներկայացնել ասելիքը:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, որը Սահմանադրության համաձայն՝ պետք է տեղի ունենա 45-60 օրվա ընթացքում, ապա այստեղ իշխանությունները վստահ են, որ առանց խնդրի կարողանալու են ապահովել անհրաժեշտ 650 հազար ձայնը, որպեսզի հանրաքվեն համարվի ընդունված: Սակայն իրականում այստեղ առկա են խորքային հիմքեր, որոնց մասին քչերն են բարձրաձայնում: Որպես կանոն՝ հանրաքվեներին ժողովրդի մասնակցությունը լինում է բավականին պասիվ, քանի որ քչերին է հետաքրքրում, թե իշխանություններ ինչ նախագիծ են ցանկանում անցկացնել, կամ իրենց հատկապես որ քաղաքական կրքերին են ցանկանում հագուրդ տալ:

Ստեղծված իրավիճակից պարզ է այն, որ իշխանություններն իրենց հույսը դրել են իրենց թվացյալ բարձր վարկանիշի վրա, այն փաստի վրա, որ իրենք մեկ տարի առաջ ստացել են 70 տոկոսից ավելի քվե, և ժողովուրդն այս անգամ ևս ականջալուր է լինելու իրենց՝ այդ ֆոնի վրա նրանց բերված փաստարկներին վստահելով՝ «այո» կասի հանրաքվեին:

Այս հարցի հետ կապված դժվար է հստակ գնահատականներ հնչեցնել, քանի որ, ինչպես վկայում են մի շարք միջազգային վարկանիշային կազմակերպությունների անցկացրած սոցհարցումները, ներկա փուլում Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշը զգալիորեն անկում է ապրել. ժողովրդական շրջանակներում մարել է հեղափոխական էյֆորիայի ալիքը, և շատ մարդիկ արդեն հասկանում են, որ Փաշինյանի դեմքի տակ թաքնված է էժան պոպուլիստն ու շարքային էնտուզիաստ «գաստրոլյոր»:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս