Բաժիններ՝

Երգել ենք այն, ինչ սիրել ենք. The Beautified Project-ը հիմնադրման 15-ամյակը կնշի մենահամերգով

The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը, որի «All alone», «I’ts a Little Late», «I Found a Way», «Lost Innocence», «Butterfly» և մի շարք այլ ստեղծագործություններ նվաճել են երաժշտասերների սրտերը, այս տարի տոնում է կազմավորման 15-ամյակը: Այս առիթով խումբը մի քանի տարվա դադարից հետո հանդես կգա մենահամերգով`կատարելով իրենց լավագույն երգերը, որոնք կընտրեն խմբի երկրպագուները:

Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում The Beautified Project-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանը խոստովանեց, որ շատ են կարոտել խմբի կենդանի ելույթները և հավատարիմ երկրպագուներին:

-Համերգին անակնկալներ սպասվո՞ւմ են:

-Մենք միշտ հեռու ենք եղել հայկական շոու-բիզնեսի ավանդույթներից, երբ հոբելյանական երեկոներին այլ երգիչները բեմից շնորհավորում են հոբելյարին, գովաբանում և այլն: Կարծում եմ`մեր ժամանակը կխնայենք և կփորձենք հնարավորինս շատ երգեր ներկայացնել, որովհետև մեր հանդիսատեսը կարոտել է մեզ: Բավականին բարդ է մեկ համերգի համար ընտրել երգացանկ մի քանի ձայնասկավառակից: Երկրպագուներին հնարավորություն կտանք իրենց կարծիքը հայտնել և նշել, թե որ երգերն են ցանկանում լսել մենահամերգին:

Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա ասեմ, որ Անգլիայում հայկական արմատներով մի երգահան կա, որի գործերը մեր երաժտասերին շատ դուր կգան: Այժմ բանակցում եմ նրա հետ, որ ներկա լինի համերգին և մի քանի երգ կատարի:

-Խումբը ստեղծելիս ի՞նչ նպատակ էիք դրել ձեր առաջ: Հաջողվե՞ց իրագործել բոլոր ծրագրերը:

-Երբ սկսեցի զբաղվել երգարվեստով, մեկ նպատակ էի հետապնդում`փախուստ: Ինձ համար կյանքը բավականին միապաղաղ էր. քնել, արթնանալ, սովորել, գնալ աշխատանքի և այլն: Դա ինձ բնավ չէր գրավում: Երաժշտությունը փախուստ էր այդ ամենից, հարմար դիմակ:

2005 թվականին առաջին անգամ բեմ եմ բարձրացել Լոնդոնում The Beautified Project անվամբ: Բախտս բերեց, որ Արմենն ու Առլենը կիսեցին իմ գաղափարներն ու նպատակները, այն է`երաժշտությանը վերաբերվել որպես արվեստի, ոչ բիզնեսի: Տարիների ընթացքում շատ գայթակղիչ գործնական առաջարկներ ենք ստացել, որոնք ընդունելու դեպքում մեր առաջ լայն հնարավորություններ կբացվեին, բայց կվերածվեինք կոմերցիոն խմբի: Միշտ մատուցել ենք այն արվեստը, որը մեզ է դուր եկել: Ոգևորվել ենք, որ մեր աշխատանքը սիրել և գնահատել են նաև ուրիշները:

-The Beautified Project-ը 15 տարի դադարներով ելույթներ է ունեցել ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան բեմերում, ձայնագրել բազմաթիվ գեղեցիկ ու բազմաժանր ստեղծագործություններ: Ամփոփելով խմբի անցած ուղին` ի՞նչն եք համարում ձեր նվաճումը:

-Ինչպես էլ փորձեմ պատասխանել այս հարցին, ինքնագովասանք կստացվի: Ըստ իս` հայկական ռոք երաժշտության պատմության մեջ մեզ կհիշեն, որպես առաջին անգլալեզու ռոք խմբի, որը թողարկեց առաջին անգլալեզու ձայնասկավառակը: The Beautified Project-ը մինչ օրս հայաստանյան միակ խումբն է, որի հոլովակը ցուցադրվել է աշխարհում ամենաճանաչված երաժշտական ալիքով`MTV-ով:

Այդ ամենը հնարավոր չէ փոխել, իսկ մնացյալ հաջողությունները շատ հաճելի են եղել: Մեզ համար կարևոր էր, որ նախ՝ մեզ ճանաչել ու սիրել է հանրությունը, նոր միայն հայկական մեդիան: Կարծում եմ` դա մեծ ձեռքբերում է:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս