Ավելի քան 20 պետություն հումանիտար օգնություն է տրամադրել Չինաստանին
Աշխարհի ավելի քան 20 պետություն մարդասիրական օգնություն է ուղարկել Չինաստան 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«Փետրվարի 5-ի ժամը 12:00-ի դրությամբ 21 պետություն օգնություն է ցուցաբերել Չինաստանին՝ ուղարկելով հիվանդության կանխարգելման եւ տարածման դեմ պայքարի միջոցներ: Դրանք են՝ Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Թաիլանդը, Մալայզիան, Ինդոնեզիան, Ղազախստանը, Պակիստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունգարիան, Բելառուսը, Թուրքիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Եգիպտոսը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Տրինիդադը եւ Տոբագոն, ինչպես նաեւ ՅՈւՆԻՍԵՖ-ը»,-հայտարարել է դիվանագետը: «Նվիրատվություններն արժեքավոր են, իսկ զգացմունքներն՝ անգին: Մենք անկեղծ երախտագիտություն ենք հայտնում նրանց»,-հավելել է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: