Ուղղակի զարմանում եմ՝ 100-150 մեքենա բերողներ կան. ի՞նչ են անելու, եթե դրանք չվաճառվեն
Հայաստանում ավտոներկրողները լուրջ խնդրի առջև են կանգնած. հազարավոր մեքենաներ են ներկրել, սակայն գնորդ չկա: Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ հարկավոր էր ժամանակին հաշվի առնել, որ հայաստանյան այս փոքրիկ շուկան չի կարող գնային մեծ ազդեցություն ունենալ Մաքսային միության տարածքում՝ ավտոմոբիլային շուկայի վրա:
«ՀՀ կառավարությունը բազմիցս զիջումների է գնում, ամեն անգամ բողոքի ցույցերից հետո ինչ-որ զիջումներ են անում՝ մասամբ՝ իրենց կողմից թույլ տրված սխալների, մասամբ էլ՝ հասարակությանը ցնցումներից զերծ պահելու համար: Բայց այստեղ գլոբալ խնդիր կա. օրինապաշտ մարդը, ով ենթարկվում է օրենքին, երբ տեսնում է, որ ամեն անգամ ցույցերի միջոցով հնարավոր է անօրինականությունն առաջ տանել, կամաց-կամաց հասկանում է, որ օրենքին ենթարկվելն այնքան էլ շահավետ չէ: Սա շատ վատ երևույթ է, որը կհանգեցնի, որպեսզի մարդիկ չհարգեն օրենքը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վահագն Սահակյանը՝ շարունակելով,- Հարգում եմ այն մարդկանց, ովքեր աշխատելու ձև են գտել, բայց կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է բացատրեին, թե ի՞նչ է իրենց սպասվելու այս մեծ քանակի մեքենաների ներմուծումից հետո: Առաջին ծիծեռնակը երևաց անցած տարվա դեկտեմբերի կեսին, երբ ռուսական ապահովագրող ընկերությունները սկսեցին հայկական համարանիշով ավտոմեքենաները 15 օրից ավելի չապահովագրել:
Ղազախստանում էլ, կարծում եմ՝ հող է նախապատրաստվում՝ ՀՀ-ից գնված մեքենաների երկարատև շահագործումն արգելելու համար: Մեր կառավարությունն այստեղ ի զորու չէ որևէ բան անել: Դա այդ երկրի ներքին խնդիրն է: Հայ ավտոներկրողները բողոքի ակցիա անելու փոխարեն՝ պետք է մտածեն, թե ի՞նչ ճանապարհով իրացնեն ապրանքը: Հայաստան ներկրված այս քանակը մեզ համար կատաստրոֆիկ է: Կարծում եմ՝ բարձրանալու է նաև այդ մեքենաների գույքահարկի հարցը, որը չի վճարվում: Ղազախը ժամանակավոր գրանցում է ձեռք բերում ՀՀ-ում, երկրից դուրս հանում. ո՞վ է վճարելու գույքահարկը»:
Բանախոսի փոխանցմամբ՝ ռուսական ավտոմոբիլային ինդուստրիան վերջին տարիներին բավականին զարգացել է, և այդ երկիրը հին ավտոմեքենաներից ազատվելու խնդիր ունի: Ու այն երկրները, որոնք չունեն ավտոմոբիլային ինդուստրիա, նրանք կարող են հանդիսանալ մեքենաներն իրենց երկիր ներկրողներ:
«Ենթադրում եմ, որ Հայաստանում լինելու է ավտոմոբիլային պարկի սերնդափոխություն: Նրանք, ովքեր ունեն ավտոմեքենաներ և ներկրել են մինչև 2014թ. վերջը, դրանք կփոխանակեն նոր ներկրվածներով: Իսկ օրենքների միջոցով սա կանոնակարգելու ճանապարհը չեմ տեսնում, Հայաստանն ի զորու չէ որևէ երկրի պարտադրել, որ նրանց քաղաքացիները գան, հայկական համարանիշերով մեքենա գնեն ու շահագործեն: Բողոքի նպատակը ես չեմ հասկանում. կառավարությանը բողոքել, որ ուրիշ երկրում թույլ չե՞ն տալիս այստեղից գնած մեքենան շահագործել: Սա մեր խնդիրը չէ, իսկ օրենքները գրված են տարիներ առաջ»,- նշեց Վահագն Սահակյանը՝ հավելելով, որ, եթե դրսից չգնեն, այս մեքենաները ՀՀ-ում անհնար է շահագործել:
«Մենք այդ մեքենաների չափ վարորդ չունենք: Ուղղակի զարմանում եմ՝ 100-150 մեքենա բերողներ կան. ի՞նչ են անելու, եթե դրանք չվաճառվեն: Միայն այն փաստը, որ մեքենա ունի՝ անկախ նրանից՝ այն շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ, գույքահարկ պետք է վճարի: Ավտոմեքենան գինի չէ, որ ինչքան հնանա, այնքան թանկանա, արժեքն ընկնելու է: Կներեք, աղբանոցի է վերածվելու այս երկիրը, անգամ դրա ուտիլիզացիայի պայմանները չունենք»,- ասաց նա: