ՀՀ վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի. ԵԽԽՎ-ն սթափության կոչ է անում

«Մենք չափազանց մտահոգ ենք այն բարձր աստիճանի լարվածությամբ, որն առկա է Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև»,- այս մասին այսօր ասել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեն:

«Զսպումներն ու հակակշիռներն առանցքային են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե նրանք ձախողեն գործել այս սկզբունքներին համաձայն, նրանք թուլացնում և վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք աննախադեպ մակարդակի հասած լարվածության երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին, որի նկատմամբ վստահության մակարդակն արդեն իսկ շատ ցածր է»,- նշել են համազեկուցողները:

Վերջիններս նաև արձանագրել են, որ Կառավարությունն ու Խորհրդարանը հարգել են իրավիճակը հանգուցալուծելու իրավական ընթացակարգերը: «Ավելին իշխանությունները կարծիք են խնդրել Վենետիկի հանձնաժողովից ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մեխանիզմի վերաբերյալ: Եվրոպական չափանիշների համաձայն, Վենետիկի հանձնաժողովն ընդգծեց, որ վաղ կենսաթոշակի անցումը պետք է լինի միմիայն կամավոր սկզբունքով և որ այս սկզբունքը պետք է դիտարկվի: Որպես համազեկուցողներ, մենք ուշադրությամբ հետևելու ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այսպես, եթե նույնիսկ այս մեխանիզմի նպատակը՝ պահպանել 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին, վավեր է թվում»,-նման կարծիք են հայտնել համազեկուցողները: ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել նվազեցնել լարվածությունը: «Մենք արդեն ընդգծեցինք, որ հարկավոր է, որպեսզի քաղաքական խաղացողները ձեռնպահ մնան քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել, որպես ճնշման գործադրում դատական իշխանության նկատմամբ: Եզրափակելով՝ համազեկուցողները նաև նշել են, որ այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս