Պաշտոն են ստանում իջևանցիները

Հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը: Փետրվարի 1-ից նա կստանձնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: Դրանով էլ պայմանավորված էր նրա ազատումը նախարարի տեղակալի պաշտոնից։ Ա. Քամալյանին Ռուսաստանից Հայաստան էր բերել Նիկոլ Փաշինյանը։ 2018թ. սեպտեմբերին նրան նշանակել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնում: Իրականում, սակայն, նա ցանկանում էր Քամալյանին նշանակել ոչ թե տեղակալի, այլ հենց գյուղնախարարի պաշտոնում։ Բայց քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նախարարը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, այն է՝ 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ապա Քամալյանին Փաշինյանը նշանակում է Գյուղնախարարի տեղակալի պաշտոնում, մինչև որևէ ձևով կամ Սահմանադրական փոփոխությունների ընթացքում այդ պահանջը փոխվի, կամ 4 տարին լրանա։

Ո՞վ էր Արտակ Քամալյանը, և ինչո՞ւ էր Փաշինյանը հենց նրան ցանկանում տեսնել նախարարի պաշտոնում։

Տնտեսագիտության դոկտոր Ա. Քամալյանը ծնունդով Տավուշի մարզից՝ Իջևանի հարակից գյուղից է՝ Խաշթառակից։ 1991-2011թթ. Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարանում է սովորել, 2002-2004թթ. եղել է «Լամսկոե» գյուղատնտեսական հոլդինգի գիտական խորհրդատուն, ապա՝ գործադիր տնօրենը, 2008-2012թթ.՝ «Կոուրեկս» գյուղատնտեսական հոլդինգի գիտական խորհրդատուն, ապա՝ ռազմավարության և ռիսկերի գծով տնօրենի տեղակալը, գործադիր տնօրենը, 2012-2018թթ. «Պարիտի Կապիտալ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը։ Ասում են՝ չնայած նախարարի տեղակալն էր, սակայն Փաշինյանը հիմնականում նրա հետ էր խորհրդակցում գյուղատնտեսական հարցերով։ Ավելին, նրա խորհրդով է նաև կրճատվել ՀՀ Գյուղնախարարությունը և միացվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը։ Հետագայում՝ 2019 թվականի հունիսի 4-ից, Արտակ Քամալյանը նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում և կոորդինացնում էր գյուղատնտեսական ոլորտը։

Լավատեղյակ աղբյուրները, սակայն, նշում են, որ Քամալյանը բացարձակապես չէր տիրապետում Հայաստանի գյուղատնտեսական առանձնահատկություններին, ոլորտի խնդիրներին։ Փաստորեն, Ա. Քամալյանի համար Հայաստանում հեղափոխությունից հետո ստանձնած պաշտոնը դարձավ տրամպլին՝ ՌԴ-ում նման լուրջ կառույցում տեղ զբաղեցնելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ԵՏՀ-ում Իջևանի հարակից գյուղում ծնված-մեծացած Արտակ Քամալյանի թեկնածությունն առաջարկելով՝ հույս ունի, որ նման կառույցում կունենա իր համար վստահելի մարդու։

Տեսանյութեր

Լրահոս