«Ակնհայտ չէ՞, որ պատվեր է. Եթե ՀՀ վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Հ1-ի այդ հաղորդումը, պարզ չի՞՝ ինչի մասին է խոսքը». Ամրամ Մակինյան
«Մեր ժողովուրդն այսօր ականատես է լինում սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձի: Արդեն իսկ գործադիր իշխանության ղեկավարը և օրենսդիրից որոշ ներկայացուցիչներ չեն խորշում ուղիղ սպառնալիքներով, հորդորներով, ինչ-որ օրենքներ մշակելով՝ Սահմանադրական դատարանը (ՍԴ) կազմալուծել, յուրացնել դատական իշխանությունը ՀՀ-ում: Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ սա շատ վտանգավոր պրոցես է: Եկեք ֆիքսենք, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և մի անձը չի կարող որոշել ՀՀ ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, իրեն դասել օրենքից վեր»,- խոսելով ՍԴ նախագահի մասին այսօր առավոտյան վարչապետի կատարած գրառման մասին, որում վերջինս պնդում էր, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ ու որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ, 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՍԴ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Վերջինս նշում է, որ սրա հետևանքները դեռ իրենց զգացնել են տալու, և ՀՀ-ն կարող է հայտնվել «իրավական բեսպրեդելի» մեջ:
Հարցին, թե պետության ղեկավարին ըստ էության ծանր հանցակազմ վերագրելով՝ չի՞ վախենում արդյոք, որ դրան կհետևեն ճնշումներ, օրինակ, կարգապահական վարույթների կամ անգամ արտոնագրից զրկվելու տեսքով, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ, եթե նժարի մի կողմում դրված է ՀՀ ազգային անվտանգությունը, իսկ մյուսում՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը, կարող է ամեն ինչ էլ լինել:
«Կարող է այս տաղավարից դուրս գանք ու, ասենք, գործադիրը որոշի, որ արդեն իրավապաշտպաններին պետք է բերման ենթարկի հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ»,- ասաց պաշտպանը:
Ամրամ Մակինյանը համոզված է, որ չի կարելի լռեցնել ազատ խոսքը:
«Ի՞նչ է նշանակում՝ առավոտյան վեր կենալ ու ասել՝ այս մարդը ուզում եմ աշխատի, այն մարդը՝ ոչ: Չկա՛ այսպիսի բան: Ամբողջ աշխարհում չի կարող նման բան լինել»,- նկատեց փաստաբանը:
Խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության դեպքի մասին՝ Ամրամ Մակինյանը տարակուսեց, թե ի՞նչ էին փնտրում ամիսներ անց Հրայր Թովմասյանի բնակարանում:
«Ամիսներ շարունակ գործ են քննում, հետո գալիս են խուզարկության: Սա ծաղր է քրեադատավարական առումով, իսկ քաղաքական առումով՝ ճնշում Հրայր Թովմասյանի նկատմամբ»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Փաստաբանը հաստատեց նաև այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանի բնակարանում քննիչները մեծածավալ, պանորամային լուսանկարահանումներ են արել:
«Մենք ունենք այդ լուսանկարները: Այնտեղ կոնկրետ բան չի ֆիքսված: Ֆիքսված է բնակարանի ընդհանրապես տեսքը, դիրքը»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ըստ երևույթին այդ լուսանկարներն արվել են այն նպատակով, որ քրեական դատավարության չմասնակցող անձինք ցանկանում էին տեսնել, թե ինչպիսի բնակարանում է ապրում Հրայր Թովմասյանը:
Հարցին, թե չե՞ն հրապարակի այդ լուսանկարները, որ լայն հանրության մոտ էլ կասկածներ չմնան, Ամրամ Մակինյանը պատասխանեց, որ կհրապարակեն:
«Եթե հաշվի առնենք, որ ՀՔԾ-ն ՀՀ Հանրային հեռուստաընկերությամբ արդեն հրապարակում է քրեական գործից տեղեկություններ, ու հրապարակում է իր աչքերով, ինչպես ցանկանում է գնահատել, տեսնել, կամ ինչպես է պատվիրված, ապա, իհարկե, ես կհրապարակեմ»,- ասաց ՍԴ նախագահի պաշտպանը:
Ամրամ Մակինյանը շեշտում է, որ Հանրային հեռուստաընկերությունից որևէ մեկն իրենց չի դիմել, չեն ցանկացել լսել նաև իրենց կողմի կարծիքը, նրանց չեն հետաքրքրել իրենց հակափաստարկները:
«Ակնհայտ չէ՞, որ պատվեր է: Եթե ՀՀ վարչապետն առավոտ շուտ իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Հ1-ի այդ հաղորդումը, ակնհայտ չի՞՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց Ամրամ Մակինյանը:
Անդրադառնալով խոստացված դատական գործընթացին՝ ընդդեմ ՀՀ վարչապետի՝ Ամրամ Մակինյանն ասաց, որ թյուրըմբռնումից խուսափելու համար պետք է նշի, որ դատական պրոցես լինելու է, հայցն ընթացքի մեջ է:
«Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, այլ ոչ թե միապետությունում»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում