«Այսքանից հետո կարող են Հայկոյի ու Մկոյի դերակատարությամբ սքեթչ նկարել ու հրամցնել հանրությանը». Երվանդ Վարոսյան

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողակման ընթացքում` «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացնում Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ ռեպորտաժից հետո, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը հրատապ հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ այդ ռեպորտաժը «հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է» և «ակնհայտ քաղաքական պատվերի» հետևանք:

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր այդ նույն ռեպորտաժը՝ գրելով.

«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանի կարծիքով՝ վարչապետն այդ քայլով անգամ չի փորձել թաքցնել իր ուղղակի առնչությունն այդ նյութին, ինչը, ըստ փաստաբանի՝ սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմ է պարունակում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ոչ միայն եղածը նորմալ չի համարում, այլև վստահ է, որ թե՛ ռեպորտաժը, թե՛ վարչապետի՝ այդ ռեպորտաժով իր ֆեյսբուքյան էջում «կիսվելու» փաստը վկայում է ուղիղ քաղաքական հետապնդման մասին:

«Վաղուց ոչինչ նորմալ չէ, հատկապես այն գործով, որոնք ուղիղ քաղաքական հետապնդում են իրենց մեջ պարունակում: Արդեն իսկ ապացուցվեց, որ այս գործը քաղաքական պատվերի շրջանակում է իրականացվում: Այսքանից հետո ամեն ինչ կարող է լինել. տարատեսակ ֆիլմեր կարող են նկարահանվել՝ և՛ գեղարվեստական, և՛ դոկումենտալ, և՛ Հայկոյի, և՛ Մկոյի դերակատարմամբ սքեթչեր կարող են նկարահանվել և հրամցվել հասարակությանը: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Իրավական գործընթացի հետ մենք վաղուց այս առումով գործ չունենք»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Անդրադառնալով նախաքննության ընթացքում գտնվող գործով նախաքննական գաղտնիք բացահայտելուն՝ նա ասաց, որ օրենքով նախաքննական գաղտնիքին տիրապետողը և դրա տնօրինողը վարույթ իրականացնող մարմինն է: Ու հենց նախաքննություն իրականացնող մարմինն է որոշում, թե ի՞նչ չափով ե՞րբ հրապարակել նախաքննական տվյալներ: Փաստաբանն այստեղ այլ խնդիր է տեսնում:

«Երբ դա իրականացվել է երեկ, դժվար չէ կռահել, թե ինչի հետ մենք գործ ունենք: 6 ամիս  այդ գործը քննվում էր, այն փաստական հանգամանքները, որ ներկայացվեցին, 6 ամիս է՝ կան: Հիմա հարց եմ տալիս՝ իսկ ո՞ւմ էր սպասում ՀՔԾ-ն 6 ամիս, ինչի՞ն էր սպասում, ո՞ւմ հանձնվելուն են սպասում: Այստեղ է թաքնված շան գլուխը: Իրենք իրենց գործողություններով, իրենց քայլերով և հայտարարություններով ցույց են տալիս, թե ինչով են իրենք իրականում զբաղված: Սա ընդամենը սեփական Սահմանադրական դատարան ունենալու ուղի է: Ինչո՞ւ է այդ գաղափարը դարձվել պետական քաղաքականություն՝ ես չեմ կարող առհասարակ հասկանալ»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանի կարծիքով՝ իրականությունն այն է, որ փորձում են ամեն կերպ ազատվել Հրայր Թովմասյանից, ու հենց դրան հասնելու համար է արվել այդ ռեպորտաժը:

«Վաղն ինչ ասեք՝ կարող են հայտարարել: Իրականում սա է: «Հրայր Թովմասյանը չի հանձնվում, կնկարենք նրա մասին ֆիլմ: Էլի չի հանձնվի, կփորձենք նրան ազատությունից զրկել: Էլի չի հանձնվի, կմտածենք՝ ինչ անել այդ մարդու հետ»: Սա է»,- նկատեց փաստաբանը:

Ե. Վարոսյանը խորհուրդ է տալիս հարցին նայել ավելի բարձրից՝ հասկանալու համար, թե ի՞նչ արդյունք ենք ուզում ունենալ:

«Լավ, մեր ուզածն ի՞նչ է: Որպես պետություն, երկիր, հասարակություն՝ մեր ուզածն ի՞նչ է: Մենք ուզում ենք ունենալ ինչ-որ կուսակցության պատկանող դատական համակա՞րգ, թե՞ մենք ուզում ենք ունենալ իրարից անկախ իշխանության ճյուղեր: Մենք պետք է այս հարցի պատասխանը տանք: Մենք երկրի քաղաքական ղեկավարությանն այս հարցը պետք է տանք: Դուք ի՞նչ եք ուզում, ընկերներ: Դուք, ի վերջո, եկել եք իշխանություն, որպեսզի ունենաք իրավական պետությո՞ւն, թե՞ եկել եք, որ ունենաք անձնական սեփականություն: Կանգնեք ուղիղ պատասխանեք ժողովրդին: Խաբե՞լ եք ժողովրդին, թե՞ չէ»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ միանշանակ կգա մի օր, երբ կունենանք անկախ դատական համակարգ, բայց արդյո՞ք դա կլինի այս իշխանության օրոք, փաստաբանը դժվարացավ պատասխանել:

Անդրադառնալով փաստին, որ ռեպորտաժին նաև իր հավանությունն է տվել գործադիր իշխանության ղեկավարը՝ այն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով, ասաց, որ դա և իշխանության մյուս գործողություններն ուղիղ վկայությունն են այն ամենի, որ իշխողները չեն ուզում աշխատել մի երկրում, որում դատական համակարգն իրենց սեփականը չէ:

«Վարչապետն իր գործողություններով վաղուց չի թաքցնում այլևս, որ այս ամեն ինչն անձամբ ուղորդում է ինքը: Այդ առումով անկեղծ է: Բայց եթե այդքան անկեղծ է, թող մնացածն էլ ասի: Թող ասի՝ ինքը պատրա՞ստ է աշխատել վարչապետ մի երկրում, որտեղ դատական համակարգն իր սեփականը չէ, թե՞ ոչ: Մենք էլ իմանանք, թե ինքն ուր է տանում այս երկիրը, ի վերջո»,- ասաց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս