ՔԿԾ-ը հաստատում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի է ունեցել արտակարգ դեպք
168.am-ը հունվարի 28-ին հայտնել էր, որ shamshyan.com-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել, խցակից դատապարտյալների միջև եղել է վիճաբանություն, ինչի հետևանքով երկու դատապարտյալ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հունվարի 28-ից 168.am-ը փորձում էր կապ հաստատել Քրեակատարողական ծառայության հետ՝ պարզելու համար տեղեկության իսկությունը, այն, թե ի՞նչ է եղել իրականում, ովքե՞ր են եղել դատապարտյալները ու ո՞վ կամ ովքե՞ր են եղել դանակարողը/դանակահարողները:
Այսօր ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:
«Այո, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վիճաբանություն խցակից դատապարտյալների միջև, 4 հոգի ստացել են մարմնական վնասվածք, որից երկուսին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, նրանցից մեկին դուրս են գրել նույն օրը, իսկ մյուսը բժիշկների ցուցումների հիման վրա այսօր արդեն դուրս կգրվի: Հարուցվել է քրեական գործ»,- 168.am-ին ասաց Նոնա Նավիկյանը:
Հարցին, թե ովքե՞ր են եղել դատապարտյալները և ո՞վ կամ ովքե՞ր են եղել դանակարողը/դանակահարողները՝ նա չպատասխանեց՝ նշելով, որ դա պայմանավորված է հարուցված քրեական գործով: