«Ապրիլյան պատերազմում ճակատագրական սխալներ չեն եղել». Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր մասնակցում էր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին, որի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում որոշակի տեղեկություններ լրացվեցին տարբեր օղակներում՝ ռազմաքաղաքական, օպերատիվ մարտավարական, որը հետագայում պետք է հիմք հանդիսանա հանձնաժողովի աշխատանքի համար։
«Հանձնաժողովի աշխատանքի զգալի մասը պետք է փոխանցվի Պաշտպանության նախարարությանը, և հանձնաժողովի փորձագետների և հանձնաժողովի նախագահի հետ միասին այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է տանեն։ Չնայած նրան, որ համոզված եմ՝ Պաշտպանության նախարարության ղեկավարությունն իր հետևողական աշխատանքը կատարել է»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նա վերահաստատեց նախկինում իր պնդումը, որ բանակն իր առջև դրված խնդիրները կատարել է և բանակի հրամանատարական կազմը, զինծառայողների, սպաների հերոսությունների շնորհիվ (ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության հետ՝ համագործակցության և աջակցության շրջանակներում) կարողացել են հասնել նրան, որ մարտական գործողությունները կանգնեցնեն։
«Մենք եզրահանգումներ ենք կատարել մի քանի հարթություններում, ռազմաքաղաքական հարթությունում՝ մենք այն եզրակացության ենք եկել այն ժամանակ, որ ՀՀ և Արցախի զինված ուժերի ղեկավարությունը և նրա բոլոր օղակները ի վիճակի են խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակահատվածի անցնելու, քանի որ այդ ամենը տարիների ընթացքում փորձարկվել են տարբեր զորավարժություններում…. Իհարկե, մենք քննարկել ենք, եղել են նաև տարբեր բացթողումներ և թերություններ, ասացեք տեսնեմ մեկ աշխատող մարդու, որը որ սխալներ թույլ չի տալիս։ Իմ երկարատև աշխատանքի ընթացքում միշտ ասել եմ, որ սխալ ունենալը և այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալը, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքը անտեր թողնելուն։ Ապրիլյան պատերազմում ճակատագրական սխալներ չեն եղել, հանձնաժողովում մենք բաց, ջերմ ու ընկերական մթնոլորտում քննարկումներ կատարեցինք, որի վերաբերյալ հանձնաժողովն իր եզրակացությունները կանի»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում