«Երուսաղեմը չի վաճառվում». Մահմուդ Աբաս
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 28-ին հրապարակված պլանի իրականացում թույլ չի տա: Ելույթ ունենալով Ռամալլահում՝ Աբասը նշել է, որ Թրափի պլանը «չի անցնի»: «Մենք կտրականապես մերժում ենք այդ գործարքը, մենք ավելի վաղ ասել ենք այդ մասին, եւ մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է նա։
«Երուսաղեմը չի վաճառվում»,- հավելել է նա՝ նկատի ունենալով այն, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք դարձնելու պահանջից:
Ըստ որում, ըստ արաբական զանգվածային լրատվամիջոցների հաղորդման՝ Աբասը նախազգուշացրել է, որ պատրաստ է Իսրայելի հետ մերձավորարեւելյան կարգավորման թեման քննարկել սոսկ մերձավորարեւելյան «քառյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ), միջնորդության պայմանով, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ:
Մինչդեռ Նաթանյահուն պաշտպանել է Թրամփի առաջարկը եւ պատրաստակամություն է հայտնել անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել պաղեստինցիների հետ:
Սպիտակ տան կայքում հրապարակված 180-էջանոց փաստաթուղթը բաղկացած է երկու մասից՝ տնտեսական եւ քաղաքական: Տնտեսական ասպեկտները հրապարակվել են տակավին անցյալ տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասնությունների վերաբերյալ հայտնի է դարձել միայն այժմ:
Պլանի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք է կրկնակի մեծանա: Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Ամերիկայի ղեկավարը, ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում, այսինքն՝ այդ կերպ Իսրայելինը ճանաչել նրա կողմից 1967 թվականից հետո զավթված հողերը»:
Փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը (Նաթանյահուի ասելով՝ խոսքը վերաբերում է Երուսաղեմի Աբու Դիս արվարձանին), եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:
ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ է նշել Պաղեստինի իշխանությունների հրաժարումը Գազայում գործող ՀԱՄԱՍ արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը պնդում է պաղեստինյան տարածքում հրեական բնակավայրերի կառուցման ծրագրի քառամյա «սառեցումը»: Որպես օժանդակություն կարգավորմանը՝ ԱՄՆ-ն առաջարկում է 50 մլրդ դոլարի ներդրումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: