Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պաշտոնից ազատել Սարկիսովին. Ինչու էին դա գաղտնի պահում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես դեռ անցյալ տարի ենք տեղեկացրել, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում: Ավելին, կային տեղեկություններ, որ նա պաշտոնից ազատվել է շատ ավելի վաղուց: Այս թեմայով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեր աղբյուրների, այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը, սկանդալային տեղեկություններ հրապարակեց Սարկիսովի հետ կապված, այդ մասին իսկույն զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հրահանգել է «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին:
Դրանից հետո Սարկիսովը, բնականաբար, պաշտոնից ազատվելու դիմում է գրել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սարկիսովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը համապատասխան հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան:
ՀՀ ԱԳՆ-ից մեր հարցմանը պատասխանել էին, որ հարցումը գրավոր չի եղել, այլ Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն այցելել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն եւ հայտնել, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին:
Այսինքն, այսպես թե այնպես, Սարկիսովը գտնվում է Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: