Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր 168.am-ը, բերման է ենթարկվել նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Անտիֆեյք» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։ Իրավապաշտպան Արսեն Բաբայանի տեղեկություններով՝ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը րոպեներ առաջ հայտնեց, որ գնում է Ոստիկանության «6-րդ վարչություն»՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
«Ապշած եմ այն իրադարձությունից, որը հենց նոր տեղի ունեցավ։ Հաշվի առնելով օրվա ֆուտուրիստական տրամաբանությունը, ես առաջարկեցի Նարեկ Սամսոնյանին, որ ինքս իմ ավտոմեքենայով իրեն տուն հասցնեմ, հասցրի բակ և փաստորեն անմիջապես այդ պահին Նարեկ Սամսոնյանի նկատմամբ էլի բռնի ձևով, էլի դիմակավորված, լրիվ նույն ձեռագրով իրականացվեց բերման ենթարկելու գործողություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ Ոստիկանության «6-րդ վարչություն» գնալով նաև պահանջելու է, որ անձամբ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան պարզաբանումներ տա այս իրավիճակի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին նախ Ոստիկանություն բերման էր ենթարկվել «Վետո» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, ապա Blognews.am կայքի խմբագիր Ադեկվատ միաբանության ներկայցուցիչ Կոնստանտին տեր-Նակալյանը, ապա «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը , «Ադեկվատ» միաբանության 2 այլ ներկայացուցիչ։
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ