2020-ին սպառազինության անակնկալները շարունակվելու են. Գաբրիել Բալայան

2019 թվականը սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել, նման անակնկալները շարունակվելու են նաև 2020-ին: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ չգաղտնազերծելով, թե կոնկրետ ինչ զինամթերք պետք է ստանա Հայաստանը:

Ըստ նրա՝ այս և այլ կարիքները հոգալու համար անցյալ և ընթացիկ տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումար է հատկացված:

«Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին»,- պարզաբանեց Բալայանը:

Այս համատեքստում պաշտպանության փոխնախարարն ասաց, որ 2019 թվականին Երևանում զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները մոտ 95 տոկոսով բավարարվել են, իսկ այժմ ծրագիրն իրականացվում է նաև մարզերում:

«Մենք շատ ենք կարևորում նաև այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրենց կյանքն են վտանգում հայրենիքի պաշտպանության համար: Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Զինված ուժերում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ: Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ: Ցավոք սրտի, հասարակությունը միայն արձագանքում է բացասական դեպքերին, բայց կան հազարավոր դեպքեր, երբ իրավիճակից ելնելով՝ ճիշտ որոշումներ են կայացվում և հնարավոր է լինում վատ դեպքերից խուսափել: 2019 թվականն այդ առումով աննախադեպ է եղել՝ և՛ կարգապահության, և, բոլորդ գիտեք՝ սպառազինության»,- ընդգծեց Բալայանը:

Ինչ վերաբերում է զինծառայողներին հիպոթեքային վարկեր տալուն, Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ այն կսկսվի 2020-ի երկրորդ եռամսյակից:

«Ամենակարևոր բանը, որ ուզում եմ շեշտել՝ գումարը  բյուջեով  հատկացված է, և կառավարությունը, ինչպես որ խոստացել էր՝ ամեն տարի կբավարարի  500 շահառուի կարիք: Ընդ որում, առանց վիճակահանության առաջնությունը տրվելու է այն գործող զինծառայողներին, որոնք հերթագրված են բնակարանային ապահովության համար, սակայն կարիքը դեռ չի բավարարվել»,- եզրափակեց Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս