Ի՞նչ զենք է եղել «Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդու ձեռքին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում զինված տղամարդու ներխուժման դեպքին:

168.am-ի հարցին՝ համացանցում շրջանառվեցին խոսակցություններ և լուսանկարներ, որոնց համաձայն՝ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի ձեռքին այլ զենք է եղել, իսկ ոստիկանությանը հանձնել է բոլորովին այլ զենք, Արման Սարգսյանը պատասխանեց. «Ոչ: Եթե դուք ուշադիր նայեք, իր ձեռքին եղել է «Սայգա» տեսակի ողորկափող հրացան, և եթե ուսումնասիրեք նույն համացանցում այդ հրացանները, կտեսնեք, որ տեսանյութում երևացող զենքը նույնն է»:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարն ավելի ուշ ակնարկեց, թե ունենալու ենք նոր որակի ոստիկանություն, ձևավորելու ենք ոստիկանի նոր կերպար:

168.am-ի հակադարձմանը՝ ի՞նչ տեսակի ոստիկան ենք ունենալու, որ մինչ այս չենք ունեցել, Արման Սարգսյանը պատասխանեց՝ ավելի կրթված, իր իրավունքներն ու պարտականություններն ավելի լավ իմացող:

Մենք հետաքրքրվեցինք՝ վերահսկելո՞ւ են, որ սոցիալական ցանցում ոստիկանը կոռեկտ պահվածք դրսևորի՝ հիշեցնելով վերջին դեպքը, երբ

ոստիկանության աշխատակիցը Ֆեսյբուքի իր էջում անպարկեշտ արտահայտություններ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին և սպառնալիքներ հնչեցրել:

Արման Սարգսյանն ի պատասխան՝ շեշտեց. «Ես այդ դեպքին արագ արձագանքեցի և կարգապահական տույժի ենթարկեցի, իսկ նյութերն էլ ուղարկվել են ՀՔԾ, դրա վերջնական արդյունքների մասին դուք կտեղեկանաք»:

Տեսանյութեր

Լրահոս