«Հորդորեցինք պարոն Հարթենյանին հրաժարվել մանդատից». Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մոտ 3 ժամ տևած արտահերթ նիստում ավագանու անդամները հորդորել են իրենց գործընկեր Հենրիկ Հարթենյանին վայր դնել մանդատը: Երեկ նա ֆեյսբուքյան իր էջի պատմություն (story) բաժնում հրապարակել էր Հրայր Թովմասյանի աղջկա ֆեյսբուքյան էջի նկարը և գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբ-նա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության տարածած պաշտոնական հայտարարությունում մասնավորապես ասված է. «Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսևորում»: Նիստի ավարտից հետո ավագանու  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց գործընկերը վայր կդնի մանդատը.

«Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, և, հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, հորդորեցինք հրաժարվել մանդատից: Ինքը համաձայնեց, կարծում եմ՝ հանդես կգա առանձին հայտարարությամբ: Մենք տեքստը կհրապարակենք»:

Գրառման դրդապատճառների մասին Սուրեն Էյրամջյանը չխոսեց, պնդեց, որ հիմա դրանք այնքան էլ կարևոր չեն, կարևորն այն իրավիճակն է, որն արդեն ունենք:

«Ընդհանուր առմամբ դրդապատճառները մեզ հայտնի են, բայց թույլ տվեք չբարձրաձայնել, ի վերջո, դա չէ կարևորը, այլ եղելությունը, արվածը կարող է թյուրիմացության հետևանք լինել, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Խմբակցությունը թեև ամբողջ կազմով  ներկա չէր, այդուամենայնիվ Սուրեն Էյրամջյանը վստահեցրեց, որ  խմբակցությունը միաձայն դատապարտել է տեղի ունեցածը: Նիստը երկար տևեց, քանի որ բոլորն էլ ուզում էին իրենց կարծիքը հայտնել. պարզաբանեց խմբակցության ղեկավարը:  Լրագրողի ճշտող հարցին, թե նկարում իսկապե՞ս Հրայր Թովմասյանի դուստրն էր,  ավագանու  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ մամուլից տեղեկացել է, որ իրականում նա չէ, ում մասին խոսվում էր:

Տեսանյութեր

Լրահոս