Մարդուն մեկ հանցանքի համար երկու անգամ են պատժում. և՛ գումար ես վճարում, և՛ բալից զրկվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է բալային համակարգին՝ նշելով, որ 2020 թվականի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է՝ բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող՝ քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը:
«Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթների ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը: Հիշո՞ւմ եք, որ և՛ հեղափոխության ժամանակ, և՛ դրանից հետո հայտարարել եմ, որ ՀՀ քաղաքացին չպետք է տուգանվելու մատերիալ լինի, և դրանից հետո բազմիցս հնչել են հարցեր, թե բա ի՞նչ եղավ այդ հայտարարութունը: Այս փոփոխության արդյունքում երկու բան ենք փոխել. առավելագույն տուգանքի չափը սահմանել ենք 29.000 դրամ և ասել ենք՝ եթե մի քանի անգամ տուգանվում ես, ուրեմն երթևեկության անվտանգության հետ կապված խնդիր ես ստեղծում, դրա համար զրկում ենք մեքենա վարելու իրավունքից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարորդներից նրանք, ովքեր դժգոհում են բալային համակարգից՝ 168.am-ի հետ զրույցում թվարկեցին մի շարք խնդիրներ, որոնց լուծումից հետո, ըստ նրանց, նոր կարող էր ներդրվել բալային համակարգը:
Կարևոր համարեցին ավտոկայանատեղիների հարցի լուծումը, գծանմուշների թարմացումը, լուսացույցները երևացող տեղերում տեղակայելը:
«Բալային համակարգը սխալ է, այո՛, ընդօրինակել են Եվրոպայից, բայց մենք համապատասխան պայմաններ չունենք: Դրա փոխարեն՝ թող բոլոր վարորդները նորից քննություն հանձնեին: Այն վարորդները, ովքեր վարորդական վկայականը գումարով են գնել՝ դատարկություն են, չեն կարողանալու հանձնել: Համամիտ եմ, եթե հարբած բռնեն՝ թող ընդմիշտ զրկեն մեքենա վարելու իրավունքից: Օրինակ բերեմ. Թումանյան փողոցում պատվեր կար, գնացի, անհնար էր կայանելը. երկրորդ շարք չէի կարող կանգնել՝ կնկարեին, ու ստիպված պատվերը չեղարկեցի: Ուղևորը 1000 դրամ փող պետք է տար, իսկ ես 5000 տուգանվեի ու բալից զրկվեի: Եվ հետո, սա մարդու իրավունքների խախտում է. մարդուն մեկ հանցանքի համար երկու անգամ են պատժում. և՛ գումար ես վճարում, և՛ բալից զրկվում»,- նկատեց տաքսու վարորդներից մեկը:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ բալային համակարգը լուրջ խնդիրներ է ստեղծում հատկապես տաքսու վարորդների համար:
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ենք դիմել, բայց արձագանք չկա: Փոխարենը՝ Ազգային ժողովի խմբակցություններն են կարծիք հայտնել, որ կողմ են տաքսու ոլորտը կարգավորելուն:
Ուզում ենք, որ լիցենզավորում լինի, բալերը տաքսու վարորդների վրա չազդեն. լիքը բառադի տաքսիստ կա, թող տուգանեն. ով կմտնի հարկային դաշտ, սիրուն կհագնվի, դեղին համարանիշ կունենա, պետք է արտոնություն ունենա, իսկ ով ոչ մի բան չի ուզում, թող քշի, մենք իր հետ գործ չունենք: Խնդրահարույց է կայանատեղիների հարցը, մարդիկ երկրորդ շարք են ստիպված կանգնում: Ավելին, խցանումներից խուսափելու համար տաքսու վարորդին օրենքով թույլ թող տան շրջադարձ անել, որոշ փակ փողոցներ մտնել,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով,- Արդեն կան տուգանված տաքսու վարորդներ, նրանցից մեկն անգամ Առաջին ատյանի դատարան է դիմել՝ վճարելով 4000 դրամ պետական տուրք, դատը պարտվել է, Վերաքննիչ դիմելու համար արդեն 10.000 դրամ պետտուրք պետք է վճարեր, չի արել, ու ստիպված պարտվեցինք, բայց խի՞ կրվանք»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումների մասին դրույթները, իսկ սեպտեմբերի 1-ից խախտումները ոչ միայն կարձանագրեն, այլև բալերից կզրկեն նաև ավտոտեսուչները: