![](/banners/BeFunky-design.jpg)
«Շուտով դուք կասկածելու եք, որ ոչ միայն ձեր հեռախոսն է ձեզ լսում, այլ հեռուստացույցը, թեյնիկը կամ արդուկը». Սամվել Մարտիրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Samvel-Martirosyan-2.jpg)
«Կարևոր. մի քանի դեպքերի հիման վրա կարող ենք արձանագրել՝ SMS-ը այլևս վստահելի չէ հիմնովին»,- այս մասին թվիթերյան իր էջում գրել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
168.am-ի հետ զրույցում, SMS-ների մասին իր գրառմանը անդրադառնալով, Սամվել Մարտիրոսյանը ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ արձանագրվում են դեպքեր, երբ SMS-ները կորզվում են հաքերների կամ անվտանգության աշխատակիցների կողմից։
«Նման դեպքեր արձանագրվել են մի շարք երկներում։ Հայաստանում նման դեպքեր նույնպես եղել են։ Կային հիմնավոր կասկածներ, որ մի շարք դեպքեր կամ փորձեր եղել են նախկին իշխանությունների ժամանակ։ 2018 թվականի ամռանը մի քանի նման փարձ նույնպես եղավ, եղան նաև հաջողված հարձակումներ, որոնց հետևանքով մարդկանց սոցցանցերը կոտրվեցին։ Վերջին շաբաթներին նույնպես նման դեպքերի մասին սիգնալներ կան։ Ինչը նշանակում է, որ պետք է խուսափել SMS-ների միջոցով երկփուլային կարգավորումներից։ Իհարկե, եթե դուք հասարակ քաղաքացի եք, լրագրող չեք, իրավապաշտպան, պատգամավոր, «դիր» կամ ընդդիմադիր քաղաքակական գործիչ, ավելի լավ է օգտագործեք SMS-ը, քան ոչինչ չօգտագործեք։ Բայց վերոհիշյալ խմբերի դեպքում առկա է խնդիր»,- նշեց մեդիափորձագետը:
Հարցին, թե ինչո՞ւ է սովորական կապը գնալով կորցնում իր ժողովրդականությունը՝ տեղը զիջելով կապի այլընտրանքային միջոցներին, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.
«Սովորական կապից խելոք մարդիկ չեն օգտվում դեռ Սովետի ժամանակվանից։ Իսկ Տելեգրամ, Վայբերներից օգտվում են տարիներ արդեն, ինչ սկսվեցին Սնոուդենի բացահայտումները»։
168.am-ը Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց վերջին իրադարձություններից, երբ մի շարք լրագրողներ, պատգամավորներ, այսօր նաև փաստաբաններ հայտարարում էին, որ փորձել են կոտրել իրենց ֆեյսբուքյան էջերը, էլեկտրոնային հասցեները: Թե արդյո՞ք վտանգ չի պարունակում երկրում առկա անվստահության մթնոլորտը, որ իրենց գաղտնալսում են, մեդիափորձագետը նշեց, որ կան ինչպես մտահոգիչ դեպքեր, բայց կան նաև բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ չափից դուրս ամեն մի տարօրինակություն ընկալում են որպես հաքերային հարձակում։
«Աշխարհն է այդպես։ Ասեմ, որ ավելի վատ է լինելու. շուտով դուք կասկածելու եք, որ ոչ միայն ձեր հեռախոսն է ձեզ լսում, այլ հեռուստացույցը, թեյնիկը կամ արդուկը։ Այդ ժամանակները արդեն եկել են, մենք դեռ չենք հասկացել։ Ու երկրորդ վատն այն է, որ արդեն գաղտնալսելը պետության մենաշնորհը չէ։ Մի հեռախոս այսօր կարող են միաժամանակ գաղտնալսել երեք պետություն և մի երկու մասնավոր կազմակերպություն»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը: