«23 տարվա իմ փաստաբանական փորձի ընթացքում այսպիսի իրավիճակ չեմ տեսել. այս իշխանություններն ուզում են բոլոր դատավորներին ծնկի բերել». Լուսինե Սահակյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ զրուցել ենք փաստաբան, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանական թիմի անդամ Լուսինե Սահակյանի հետ:
– Տիկին Սահակյան, Դուք և փաստաբան Արամազդ Կիվիրյանը համատեղ հայտարարություն եք տարածել՝ նշելով, որ երբ հայտնի դարձավ, որ դուք հանդիսանում եք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները՝ armtimes.com կայքում հունվարի 12-ին հրապարակված հոդվածի գործով, կարճ ժամանակ անց փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» սկսվեցին: Գուցե պատճառն ա՞յլ է, ինչո՞ւ եք կապում տեղեկատվության հանրայնացման հետ:
– Որովհետև, նախ և առաջ, համընկավ, և եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ Արամազդ Կիվիրյանը երբևէ այնպիսի հնչեղ գործերով չի զբաղվել, որոնց կապակցությամբ հնարավոր էր, որ նման միջամտություն լիներ, ակնհայտ էր, որ այս միջամտությունը կապված էր հենց Վանեցյանի պաշտպանության հետ: Դրան անմիջապես հաջորդեց այդ գործողությունը, և Արամազդ Կիվիրյանը չի կարողանում օգտվել իր փոստից: Նա ստիպված է եղել նաև ֆեյսբուքյան իր էջը փակել:
– Բայց այս օրերին նման տարբեր դեպքեր եղան, օրինակ՝ նույն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային փոստը կոտրելու դեպքը, փաստաբան Հայկ Ալումյանի դեպքը, լրագրողների ֆեյսբուքյան էջերը կոտրելու փորձերը, և այն:
– Սա երկրի համար խայտառակություն եմ համարում: Եվ, եթե խոսքը վերաբերում է հատկապես փաստաբանին, այդ խայտառակությունը կրկնակի է: Փաստաբանը տարբեր գրագրություններ ունի իր վստահորդների հետ, որոնցից այժմ չի կարողանում օգտվել: Այստեղ նաև փաստաբանական գաղտնիքն է խախտվում, որովհետև անձանց համար հասու է եղել փաստաբան-վստահորդ գրագրությունը, որն օրենքով է պաշտպանվում: Այստեղ, իհարկե, ինձ համար անհասկանալի է, թե անձինք, ովքեր այդ միջամտությունն իրականացնում են, ի՞նչ դատողության տեր են: Մի՞թե չեն գիտակցում, որ կարող է ինչ-որ ժամանակ գալ, երբ իրենք էլ այդ փաստաբանի կարիքն ունենալու են: Եթե իշխանություններն են դա անում, խայտառակություն է, եթե իշխանությունները չեն կարողանում իրենց վերահսկողության տակ պահել այս ամենը, որպեսզի նման միջամտություններ չլինեն, էլի իշխանությունների մեղքն է:
– Դուք ժամանակին պաշտպանել եք այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերը. Կսպասեի՞ք, որ նրա իշխանության տարիներին նման միջադեպերի ականատես կլինեք:
– Երբևէ չէի կարող պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ կարող է այսպիսի իրավիճակ լինել երկրում: Ապօրինություններ, հետապնդումներ եղել են նաև իր նկատմամբ, և նա այդ ամենն անցնելուց հետո պետք է գիտակցեր, թե ինչքան կարևոր է մարդու իրավունքների պաշտպանությունը: Այսօր, սակայն, նրա իշխանության օրոք համատարած են ոտնահարվում մարդու իրավունքները: 23 տարվա իմ փաստաբանական փորձի ընթացքում ես այսպիսի իրավիճակ չեմ տեսել: Անկեղծ, շատ ավելի վատ է, քան բոլոր իշխանությունների օրոք:
– Ձեր համատեղ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը: Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարության առումով մեծ առաջընթաց է գրանցվել: Ձեր և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարծես հակասում են:
– Գիտեք՝ մի բան է, երբ դրա մասին ուղղակի ասում ես, մեկ այլ բան՝ երբ փաստերով ես խոսում: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի վարչապետ, կարող է փաստարկված խոսել և հիմնավորել, որ այժմ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, և անձանց իրավունքները չեն խախտվում: Բնականաբար՝ ոչ: Մենք կարող ենք բազմաթիվ փաստեր բերել, որ երբևէ այսպիսի իրավիճակ չի եղել, քան կա հիմա, և այսպիսի աննախադեպ իրավունքների խախտումներ չեն եղել:
– Նախկին իշխանությունների ժամանակ չե՞ն եղել:
– Իհարկե եղել են խախտումներ, որոնց մասին մենք անընդհատ բարձրաձայնել ենք. բոլոր իշխանությունների օրոք ենք մենք բարձրաձայնել խախտումների մասին: Բայց այն, ինչ կատարվում է հիմա… նախկին իշխանությունների օրոք նախ՝ այսպիսի ծավալ չէր, երկրորդ՝ չկար այսպիսի ատելություն, ինչ հիմա: Հասարակությունը պայքարում էր իր իրավունքների համար, իսկ այսօր տեսնում ենք, որ հասարակության ստվար զանգված ուրախանում է այդ խախտումների համար:
– Դե, ասում են՝ այն ժամանակ չէին պատժվում, հիմա պատժվում են:
– Այդպես չէ, որ այն ժամանակ չէին պատժվում, հիմա պատժվում են: Բնականաբար, եղել է այդ անպատժելիության մթնոլորտը, և այլն, բայց երբ անձին պատժում են, նախ և առաջ՝ պետք է օրենքով սահմանված կարգով պատժեն, բերեն փաստեր, որոնցով կհասկանանք, որ մարդն այդ գործողություններն արել է, դրա համար պատժվում է: Բայց մենք տեսնում ենք համատարած խախտումներ, բացահայտ ճնշումներ դատական համակարգի նկատմամբ: Նախկին իշխանությունների օրոք էլ են եղել այդ ճնշումները, բայց այսպես համատարած բնույթ չեն կրել: Եղել են դատավորներ, որոնք եղել են անկախ, և նրանց ոչ ոք ոչինչ չի ասել: Նաև իշխանություններին է ձեռնտու եղել, որ ասեն՝ տեսեք՝ մենք ունենք անկախ դատավորներ:
Այս իշխանություններն ուզում են բոլոր դատավորներին ծնկի բերել: Բնականաբար, մենք միշտ ենք ասել, որ դատական համակարգն այնպիսին չէ, որ պետք է լինի նորմալ, իրավական պետությունում, սակայն հիմա նրանք համատարած ուզում են բոլորին ծնկի բերել, և նույնիսկ եղած նորմալ դատավորներն էլ չկարողանան գործել: Ավելին, հիմա մենք տեսանք, թե Սահմանադրական դատարանի նկատմամբ ինչ աննախադեպ ճնշումներ են իրականացվում: Բանը հասավ նրան, որ արդեն քրեական հետապնդումներ են իրականացվում դատավորների նկատմամբ: Մենք տեսանք Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հիմա արդեն՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ այս աննախադեպ քրեական հետապնդումները: Իշխանությունները բառացի ասում են, որ պետք է ճնշեն, և շարունակում են ճնշել, ասում են, որ դատավորները պետք է հեռանան, և ոչնչի առաջ կանգ չեն առնում, որ իրենց նպատակին հասնեն: Բայց արդյո՞ք այդ նպատակը նորմալ իրավական, ժողովրդավարական երկրի համար թույլատրելի է, բնականաբար՝ ոչ: Ոչ ոք չի կարող որոշել, որ պետք է ՍԴ դատավորներն ամբողջ կազմով հեռանան, և նրանք ուղղակի հեռանան, սա անթույլատրելի է:
– Անդրադառնանք armtimes.com կայքում հրապարակված հոդվածին, որի հերքումը պահանջում եք. հոդվածում Արթուր Վանեցյանին հասցեագրված մեղադրանքներն իրականության հետ որևէ աղերս չունե՞ն:
– Բնականաբար, չունեն: Մենք չէ, որ դա պետք է հաստատենք, դա արդեն հաստատված փաստ է: Ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկը հրապարակեց, որ իբր թե պետական հեղաշրջման փորձ է եղել, դրանից անմիջապես հետո ԱԱԾ պատասխանը հնչեց, և հենց ԱԱԾ-ն հայտարարեց, որ չի եղել նման բան: Այսինքն՝ դա հերքված է, և յուրաքանչյուր տրամաբանող մարդ, որ կարդում էր այս նյութը, իր համար ակնհայտ էր, որ սա իրականությանը չի համապատասխանում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում