ՍԴ-ն վարույթ է ընդունել ՄԻՊ-ի դիմումը՝ դատական գործերի ողջամիտ ժամկետի քննության պահանջի խախտման վերաբերյալ
ՀՀ դատարաններում բազմաթիվ՝ թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական, գործերի քննությունները ձգվում են երկու տարուց ավելի: Կան գործեր, որոնց քննությունն անգամ 10 տարուց ավելի ժամանակում է իրականացվում: Ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը կարծես խախտվում է, իսկ ողջամիտ ժամկետի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմը բացակայում է:
ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության մասին: Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի բողոքը կքննի գրավոր ընթացակարգով 2020 թվականի ապրիլի 28-ին, ժամը 11.00-ին:
ՍԴ-ն Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացրել է աշխատակարգային նիստում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով հարցը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:
ՄԻՊ դիմումի համաձայն՝ խոսքը վերաբերում է Դատական օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվում են դատարանում գործի քննության ողջամիտ տևողության հանգամանքները: Այս հոդվածում ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը:
«Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար»,- ասված է ՄԻՊ դիմումի մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Իսկ դա հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անհարկի սահմանափակման: