Վարչապետը պետք է որոշում կայացնի՝ զբաղվում է հաստատված նպատակների իրականացմա՞մբ, թե՞ շարունակում է պաշտպանել իր շրջապատում հայտնված՝ կառավարման փորձ չունեցող ընկերներին. Հրանտ Խաչատրյան
«Մենք լուրջ վտանգ էինք զգում, որ ԿԳՄՍ-ում կար սաբոտաժ հենց կառավարության ծրագրերի նկատմամբ, իսկ հիմա կարող ենք պնդել, որ նախարարը մասնակից է այդ սաբոտաժին՝ «Արմաթ» ծրագիրն ընդհանրապես տապալելու առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սայմոթեք» ընկերության ներկայացուցիչ, ՍԻՄ կուսակցության նախկին ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Նախկին քաղաքական գործիչը խոստովանեց, որ այս փուլում իրենք ուզում են «վարչապետին երկընտրանքի առաջ կանգնեցնել»: «Նա պետք է վերջապես որոշում կայացնի, թե ինքը զբաղվում է իր սեփական և կառավարության կողմից, ժողովրդի կողմից հաստատված նպատակների իրականացմա՞մբ, թե՞ ինքը շարունակում է պաշտպանել իր շրջապատում տարբեր պատճառներով հայտնված, բայց կառավարման փորձ չունեցող և պիտանելիություն չունեցող ընկերներին»:
Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ «Արմաթը» արտահանման համար պատրաստ ծրագիր է, կառավարությունը դեռևս անցած տարվանից հովանավորել է: Կառավարության ֆինանսավորմամբ ծրագիրը հեղափոխական թռիչք է կատարել, կրկնապատկել է ծավալները:
Ըստ «Սայմոթեք» ընկերության ներկայացուցչի՝ «Կառավարության և ԱՏՁՄ կողմից համատեղ հայտարարություն է եղել այն մասով, որ խոստանում են՝ Հանրապետության մյուս դպրոցները, որտեղ 33-ից ավելի աշակերտ կա, բոլորը զինվելու են «Արմաթ» լաբորատորիաներով, իսկ մյուս դպրոցների համար քննարկվում էր խմբակներին ավելի էժան գնով սարքավորում տրամադրելու հարցը: Ընդգծեմ, որ հեղափոխությունից հետո կրկնապատկվել են դպրոցներում «Արմաթի» ներդրման ծավալները, սակայն Կառավարությունը դեռ չի ֆինանսավորում վերապատրաստման մասով ծրագրերը, որոնք ապագայում քննարկման ենթակա են»,- փոխանցեց Հրանտ Խաչատրյանը:
Հրանտ Խաչատրյանը վստահեցնում է նաև, որ ծրագրով հետաքրքրված են կառավարության այլ գերատեսչություններ, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող նախարարությունը, առաջարկում է Ազգային ժողովին քննարկել ծրագիրը և օբյեկտիվ կարծիք հայտնել, իսկ վարչապետին՝ ավելի շրջահայաց գտնվել և լուծել խնդիրը: «Սայմոթեք» ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՀՀ-ում եռաչափ տպիչների հարցով զբաղվող մի քանի կազմակերպություն, որոնց մեծ մասում «Արմաթ» լաբորատորիաների սաներն են աշխատում, արդեն արտադրում են 3D տպիչներ և պատվերի առկայության դեպքում շատ կարճ ժամանակահատվածում կարող են պահանջված քանակ ապահովել:
Հրանտ Խաչատրյանը հայտարարեց նաև, որ առաջ են քաշելու մրցույթի կազմակերպման հարցը, որին մասնակցելով՝ անպայման հաղթելու են:
Հիշեցնենք, Կառավարության հունվարի 23-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս ծրագրի հետ կապված քննարկումներին, որոնք վերաբերում էին ակումբների ֆինանսավորմանը: Վարչապետը նշեց, որ «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին: 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, 2018 և 2019 թվականներին պետական բյուջեից 1 մլրդ 296 մլն դրամ ֆինանսավորում է ստացել:
«Մինչև հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում 3 տարվա ընթացքում եղել է 220 ինժեներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են: Այսինքն՝ մենք տարիուկեսում կրկնակիից ավելի ենք բացել, կրկնակի աճել է թիվը, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ տասն անգամ, և մեզ այսօր մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պարզաբանմամբ՝ խնդիրն այն է, որ հիմա հանրապետությունում կա 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից, սակայն պետք է խուսափել մեկ անձից գնումներ կատարելուց, և դա անել մրցութային կարգով:
«Այսինքն՝ մենք ասենք, որ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի «Արմաթ» կազմակերպությանը, մյուս կազմակերպությանը, և ով կտա մեզ բովանդակություն-գին լավագույն առաջարկը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն: Ընդ որում՝ հնարավոր է, որ մենք լոտեր ունենանք և ըստ այդ լոտերի առաջնորդվենք: Սա էլ այդ մի մանիպուլյացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: