«Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ. թույլ չի տրվում անձին՝ դատարանի որոշումը կարդալ». Հրայր Թովմասյանի պաշտպան

«Արդեն տևական ժամանակ է ՀՔԾ քննիչները և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Քննչական գործողության բուն էությունը՝ պետք է կատարվի խուզարկություն, կա դատարանի որոշում: Խուզարկությունը դեռ չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նա նշեց, որ մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը. «Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել: Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում անձին՝ որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն բերվում»:

Նա նշեց, որ խուզարկությունը այն քրեական գործի շրջանակներում է, որում որպես  մեղադրյալ ներգրավված է Հրայր Թովմասյանը. «Փաստաթղթեր են փնտրում։ Հրայր Թովմասյանն իր բնակարանում է: Մենք իրավունք ունենք օրենքով սահմանված կարգով դատարանի որոշումը բողոքարկել: Հիմա ո՞նց պետք է բողոքարկենք մի որոշում, որի պատճենը մենք չունենք: 4-5 թերթ փաստաթուղթը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս