Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի
Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակը հունվարի 24-ին հասել է 876-ի, մահվան դեպքերի թիվն ավելացել է մինչեւ 26: Դա հետեւում է ՉԺՀ-ի տարածաշրջանների հիգիենայի եւ առողջապահության հարցերի կոմիտեների կողմից հրապարակված լրատվական հաղորդագրություններից։
Ներկայում արդեն մահվան երկու դեպք է արձանագրվել հիվանդության տարածման սկզբնական տարածաշրջանի սահմաններից դուրս. մեկը՝ Հեբեյի նահանգում, եւս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ): Հիվանդության մի քանի դեպքերի մասին է հայտնի Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում: Հունվարի լույս 24-ի գիշերն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ձեռնպահ է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց:
Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չէ:
Իր հերթին, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի գնահատել նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը, սակայն այդ հարցում առաջ շարժվելու համար ԱՀԿ-ին «ավելի շատ տեղեկատվություն» կահանջվի: ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել եւս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: