«Եղել են հեղաշրջման փորձեր, պաշտոնանկություններ, բայց ինչ-որ մտքեր, գաղափարներ ունենալը մի քիչ դժվար է դատապարտելի համարել». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Factor tv-ի եթերում, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե երկրում իսկապես հեղաշրջման փորձեր կատարվել են, ու «հեղափոխությունից հետո նախկինները որևէ վայրկյան չեն դադարել հետ գալու հույս փայփայել»:

«Հարցազրույցի ընթացքում հարցն է այդպիսին եղել, և ես իմ պատասխանում հիմնականում խոսել եմ այն մասին, որ պարբերաբար, այսպես կոչված, ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել: Եվ նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց: Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին և գաղափարներին ու փորձել են քայլեր ձեռնարկել: Ու դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևիցե հաջողություն չեն ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը խուսափեց անուններ տալ: Իրենց քաղաքական թիմի ներսից նման փորձ չի եղել, եղել են տարբեր մարդիկ, հնարավոր է՝ անգամ բարձր պաշտոնյաներ: Հեղաշրջման փորձերն էլ ունեցել են տարբեր հետևանքներ, եղել են նաև պաշտոնանկություններ:

Եթե եղել են հեղաշրջման փորձեր, ապա ինչո՞ւ չկան քրեական գործեր, ու ինչո՞ւ եղածին անհրաժեշտ իրավական արձագանքներ չեն տրվում:

«Ընդհանրապես ինչ-որ մտքեր ունենալը, գաղափարներ ունենալը մի քիչ դժվար է դատապարտելի համարել: Գործողություններն էլ այնպիսին են, որ երբեմն դրանք հստակ կապելը նպատակի և երազանքների հետ մարդկանց՝ դժվարություններ է առաջանում»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց Արմեն Գրիգորյանը, հավելելով, որ հեղաշրջման փորձերը կանխվել են, ու այժմ որևիցե վտանգ չկա:

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելուն, ըստ ԱԽ քարտուղարի՝ ընթանում է քննություն, ու եթե անհրաժեշտություն լինի, նաև քրեական գործեր կհարուցվեն:

Ի վերջո, եղե՞լ են զուտ մտքեր ու գաղափարներ, ինչպես ԱԽ քարտուղարն է ասում, թե՞ հեղաշրջման փորձ կատարելու իրական քայլեր:

«Առաջացել են նման խնդիրներ, առաջացել են նաև ողջամիտ կասկածներ, որ այդպիսի նպատակներ կան: Տարբեր օգտագործման ձևեր են եղել՝ սկսած ֆեյք նյուզից մինչև տարբեր տեսակի՝ մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով տարբեր քայլեր, ասել, որ պետական համակարգը, օրինակ, չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու են, ամեն առավոտ հելնում են, հայտարարում, որ հողեր ենք հանձնում, անգամ հասել էր այն մակարդակի, որ կուսակցության մակարդակով հայտարարել են, որ սպառազինություն չէր ներկրվում»,- ասաց Գրիգորյանը:

Իշխանություններին քննադատել են բոլոր ժամանակներում, ու քննադատության առանցքում եղել են իշխանության գործունեության բոլոր ոոլորտները: Ակնկալվում է, որ քննադատությունը  ժողովրդավարական երկրում պետք է ողջունվի՝ որպես ժողովրդավարության հիմնական չափանիշ: Այդ դեպքում ինչո՞ւ է այդ քննադատությունը հիմա դիտարկվում՝ որպես հեղաշրջման փորձի գաղափար: ԱԽ քարտուղարը լրագրողների հարցի միայն մի հատվածին պատասխանեց՝ կրկին անդրադառնալով նախկիններին:

«Հողեր հանձնելու մասով Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ հարցազրույցներում պաշտոնապես հայտարարել է: Դրա մասին Սերժ Սարգսյանը հստակ  խոսել էր, երբ  Սերժ Սարգսյանին դրա մասով մեղադրանք կամ քննադատություն է եղել, հիմքեր եղել են: Մեր կառավարությունը հրապարակային խոսել է այն, ինչ կատարվում է, և ընդհանուր առմամբ խնդիրներից մեկն այն է, որ հաճախ մեզ փորձում են նախկինների տրամաբանության մեջ դնել»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը,  մի կողմից՝  ասում էր, թե հեղաշրջման փորձ անելիս՝ օգտագործել են քննադատությունը, հետո հստակեցնում, թե քննադատությունը երբեք չի կարող ընկալվել կա՛մ քրեական գործի հիմք, կա՛մ հեղաշրջման, կա՛մ այլ բանի փորձ:

Արդյո՞ք այդպիսով իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատողների շրջանում վախի մթնոլորտ չի ստեղծվում:

«Հայաստանը միակ երկիրն է, որ «37 թվի» պայմաններում գրանցում ենք խոսքի ազատության, բազմակարծության և ժողովրդավարական աճ»,- հարցին ի պատասխան՝ ասաց ԱԽ քարտուղարը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս