«Այս անօրինական որոշման համար պատասխան է տալու և՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, և՛ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը». Քնար Մանուկյան
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ՀՔԾ քննիչի կողմից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանելու Առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Ինչպես հայտնի է բոլորին՝ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային պաշտոնյաների, մասնավորապես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Ֆելիքս Թոխյանի և այլ պաշտոնատար անձանց՝ Մարտի 1-ի գործով ցուցմունքները: Մեր այդ հրապարակումից հետո Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց, և ինձ հրավիրեցին հարցաքննության: Նախաքննական մարմինը, քննիչ Վազգեն Ավետիսյանը կոնկրետ հարցադրում արեց, թե ո՞վ է ինձ տվել Մարտի 1-ի գործով ցուցմունքները: Բնականաբար, «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրը չբացահայտեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քնար Մանուկյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննիչներն իրեն առաջարկել են հրապարակել աղբյուրը, սակայն, երբ մերժում են ստացել, արդեն դատարան են դիմել, և դատավոր Դավիթ Գրիգորյանը թույլատրել է վերծանել լրագրողի խոսակցությունները: Սրան հաջորդել է այն, որ քննիչը, արդեն երկու անձի անուն տալով, լրագրողին առաջարկել է ասել, թե նրանցից ով է իրեն փոխանցել նախաքննական տեղեկությունները, սակայն մերժում է ստացել:
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց որոշում, որով անօրինական համարեց հատուկ քննչական ծառայության գործելաոճը, որով հանել են իմ հեռախոսային խոսակցությունները, իմ վերծանումները, այսինքն, ըստ էության, «Ժողովուրդ» օրաթերթը՝ ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրատվամիջոց, գնաց իր մասնագիտության հետևից և հասավ այն արդյունքին, որ ՀՔԾ-ն անօրինական գործողություն է կատարել»,- ասաց Քնար Մանուկյանը:
Նա նաև ցանկացավ հրապարակավ մեկ հայտարարություն անել: «2019թ. Ամանորին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ես ներկայացրել եմ իրավիճակը, թե մենք ինչ վիճակում ենք հայտնվել, որ նախաքննական մարմինները աղբյուրներ են բացահայտում, ներկայացրել եմ, թե Մարտի 1-ի գործով ի՞նչ իրավիճակում եմ հայտնվել, ՀՀ վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ ամեն ինչ օրինականության դաշտում է: Ես ասացի, որ այդ օրինականության ճանապարհով գնում եմ: Արդյունքում, ուզում եմ ՀՀ վարչապետին ասել, որ ՀՔԾ-ն անօրինականություն է թույլ տվել, և խնդրում եմ վարչապետին, որ իրավապահ մարմինների այս անօրինական գործողությանը խիստ գնահատական տա: Այս անօրինական որոշման համար պատասխան է տալու և՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, և՛ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը»,- նշեց Քնար Մանուկյանը:
Նշենք, որ ի աջակցություն «Ժողովուրդ» օրաթերթի՝ դատարան էին եկել ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Անի Սամսոնյանը, Նաիրա Զոհրաբյանը:
«Լրագրողի գործունեության ազատությունը պետք է երաշխավորվի բոլոր առումներով: Ազատ խոսքը և լրատվամիջոցների ազատությունը պետք է պետության կողմից պաշտպանված լինի»,- ասաց Արման Բաբաջանյանը:
Նաիրա Զոհրաբյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը, հավելեց. «Լրագրողի աղբյուրը բացահայտելու քայլեր եղել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, բայց կարող եմ ասել մեկ բան, որ ցանկացած իշխանության կողմից լրատվամիջոցի նկատմամբ պատերազմ հայտարարելու ցանկացած փորձ ի սկզբանե դատապարտված է»:
Անի Սամսոնյանն էլ հույս հայտնեց, որ մեդիայի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ժամանակին կդատապարտենք և կկանխարգելենք վատ հետևանքները: