Փոթորիկ՝ մի բաժակի սուրճի շուրջ
Խորհրդարանական ընդդիմության գոյությունը, որպես սահմանադրական ինստիտուտ, ենթադրում է խորհրդարանում քաղաքական փոքրամասնության ներկայության սահմանադրական և օրենսդրական երաշխիքների սահմանում:
Ընդդիմության կարգավիճակի բարձրացումը ենթադրում է ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը համազոր սահմանադրական երաշխիքների առկայություն:
Իրականում պառլամենտական հանրապետությունում հարկավոր է բարձրացնել խորհրդարանական փոքրամասնության իրավական և քաղաքական սուբյեկտությունը և ներդնել ընդդիմության կարգավիճակի ինստիտուցիոնալացման այնպիսի գործնական երաշխիքներ, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունները չտեղավորվեն բացառապես քաղաքական տիրույթում և, հետևապես, կախման մեջ չդրվեն միայն Հայաստանի քաղաքական համակարգի սուբյեկտների իրավագիտակցության աստիճանից, այլ փոխարենը՝ ենթարկվեն որոշակի իրավական կանոնակարգման, որի պայմաններում իշխող մեծամասնությունը չի ունենա հնարավորություն գործել միայն սեփական հայեցողությամբ և հարկադրված կլինի փոխհամաձայնության գալ իր քաղաքական ընդդիմախոսների հետ։
Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված հիմնական վերահսկողական լիազորությունը քննիչ հանձնաժողովների ստեղծումն է: Ընդհանրապես, քննիչ հանձնաժողովները ներկայացնում են խորհրդարանի ժամանակավոր մարմիններ, որոնց լիազորությունները գործունեության կարգի մասով կարող են նմանություններ ունենալ իրավապահ և դատական մարմինների հետ, բայց կայացված որոշումը կամ եզրակացությունն իր բնույթով առավելապես քաղաքական է, քանզի չի ենթադրում դատաիրավական ներգործության կամ հետապնդման միջոցների կիրառում և առաջացնում է հիմնականում քաղաքական հետևանքներ` կառավարության կամ առանձին պաշտոնատար անձի հրաժարական, կառավարությանն անվստահություն հայտնել, և այլն:
Այսօր խորհրդարանում տապալվեց «Լուսավոր Հայաստան» (ԼՀ) խմբակցության կողմից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող հատկացումներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որի քվեարկությունից հետո բավականին կոշտ գնահատականներով իր կարծիքն արտահայտեց Էդմոն Մարուքյանը։
Վիճաբանության առիթ հանդիսացավ Մարուքյանի՝ ավելի վաղ հայտնած այն կարծիքը, որ ԼՀ ներկայացրած օրինագծի տապալմամբ իշխանությունը ցույց տվեց՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար կամք չունի։
Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Հարգելի պարոն Մարուքյան, ես ուղղակի կոչ եմ անում ձեզ մի քիչ կոռեկտ արտահայտվել, և եթե դուք կարոտում եք նախկին խորհրդարանը, կարող եք գնալ և նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»:
Ռուբինյանի հայտարարությունից հետո նորից ասպարեզ իջավ «կլասիկ» պատգամավոր Մարուքյանը և հայտարարեց, որ իրենք կարող են կարոտել հարազատ ընկերոջը, և այլն.
«Ինչ վերաբերում է Ռուբինյանի հայտարարությանը, ես ուզում եմ նրան հիշեցնել, որ նա Արմեն Աշոտյանին խնդրել էր հանդիպել, հանդիպումը եղել է, սուրճ են խմել: Նա Աշոտյանին խնդրել էր աջակցել, այնպես անել, որ հանրապետականները դեմ չլինեն, որ իրենք EPP-ի անդամ դառնան: Էդ սուրճ խմողն ինքն է, լատենտ սուրճ խմող, էլի: Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունեմ, կարող եմ բոլորի հետ սուրճ խմել, իր հետ չեմ խմում, դրա համար է նեղված: Ես նրա հետ սուրճ չեմ խմում, որովհետև նրա հետ անհետաքրքիր է, զրուցելու բան չկա, ես ի՞նչ կարող եմ զրուցել Ռուբինյանի հետ»:
Վերոնշյալ այս ողջ բուլվարային խոսակցությունները վկայում են այն մասին, որ ներկայումս ՀՀ խորհրադարանում նման ցածր մակարդակի քաղաքական դիսկուրս է ընթանում, որտեղ անհասկանալի է, թե իրականում իշխանությունն ինչ է քննարկում ընդդիմության հետ։
Այս ամենը վկայում է, թե ինչ թեմաներ կարող են միմյանց հետ քննարկել օրենսդրական աշխատանքի համար քաղաքացուց մանդատ ստացած մարդիկ, և ինչքան շատ է ատելության մթնոլորտը։
Իշխանություններին կարելի է մի առանցքային հարցապնդում կատարել. հարգելի Նիկոլ Փաշինյան և մյուսներ, եթե այդքան շատ եք սիրում ՀՀԿ-ին և պարբերաբար, գրեթե ամենօրյա ռեժիմով հիշում եք կամ ուղղակի կարոտել եք, ապա այնպես անեիք, այսինքն՝ չխոչընդոտեիք, որպեսզի նրանք էլ հայտնվեին խորհրդարանում։
Սակայն այս ամենը վկայում է իրականում գոյություն ունեցող ավելի խորքային ճգնաժամի մասին․ նախկինում նույնպես եղել են դեպքեր, երբ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց սուր քննադատել ու դատափետել են, ի դեպ՝ ավելի չոր ու կոպիտ, բայց միշտ պահպանվել են բարոյականության նորմերն ու անձնական տիրույթներ չմտնելու սահմանը, միշտ էլ գոյություն են ունեցել մարդկային հարաբերություններ տարբեր բևեռների գործիչների միջև, ինչպես նաև համագործակցության կապեր (միմյանց հետ հավաքվել, նստել, խոսել, երբեմն՝ նաև խմել)։ Եվ սա, իմիջիայլոց, եղել է բոլոր ընդդիմությունների օրոք, իսկ այսօրվա ցածր «պլինտուսը» վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում, բառի բուն իմաստով՝ էռոզիայի են ենթարկվել տարրական կրթական կանոնները։ Որպեսզի Հայաստանում ևս ընդդիմությունը դառնա քաղաքական համակարգի հիմքերից մեկը, հարկավոր է, որ տեղի ունենա կուսակցությունների խոշորացում և գաղափարական կոնսոլիդացիա:
Տեղի ունեցածից կարելի է եզրակացնել մի կարևոր բաղադրիչ․ ՀՀ քաղաքական դաշտում այսօր տիրում է մի այնպիսի լարված մթնոլորտ, որ ներկա փուլում շատ էական է, թե ո՞վ է սուրճիդ ընկերը․ դա հետագայում կարող է հանգեցնել բավականին լուրջ քաղաքական հետևանքների ու քաղաքական ռեպրեսիաների։
Արթուր Գալստյան