Ինչպիսի՞ն կլինի Մնացականյան-Մամեդյարով՝ այս տարվա առաջին հանդիպման օրակարգը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ամենայն հավանականությամբ առաջիկայում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, սակայն հանդիպման վայրն ու ժամանակը դեռ հստակեցված չեն: Նա հայտարարել էր, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի Ադրբեջան այցի ժամանակ։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել էր, որ այս տարվա առաջին եռամսյակում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Իր հերթին՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օրերս «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից առաջ նշել էր, որ բանակցային գործընթացը շարունակական է, հայկական կողմը բանակցություններից երբևէ չի խուսափել: «Հակառակը, մենք շատ ակտիվ ներգրավված ենք բանակցային գործընթացներում:

Նախարարների մակարդակով եղել են բավական թվով հանդիպումներ, վարչապետը պաշտոնական հանդիպում է ունեցել մարտին, ոչ պաշտոնական հանդիպումներ են եղել: Մենք հանդիպման մասին հայտարարում ենք միաժամանակ` համանախագահների միջոցով: Դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: Մենք արտաքին գործերի նախարարների մակարդակով շարունակում ենք աշխատել»,- ասել էր Մնացականյանը:

Նա նաև ընդգծել էր, որ ինչպես միշտ՝ նախարարական հանդիպման մասին կտեղեկացնեն համաձայնեցված կարգով: Ի պատասխան գերիների փոխանակման հնարավոր նոր պայմանավորվածությունների վերաբերյալ հարցերին՝ Մնացականյանն ասել էր, որ այդ մասով նորություն չունի:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, որից առաջ ադրբեջանական կողմը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն էր ներկայացրել ամբողջությամբ միակողմանի, հանդիպմանն ընդառաջ սրելով իրավիճակը կողմերի միջև: Հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն արձանագրել էր, որ հակամարտության գոտում մեծ է էսկալացիայի վտանգը:

Ուշագրավ է նաև այն, որ ՌԴ ԱԳՆ կայքում օրերս տեղ գտավ ռուսական դիրքորոշումը կարգավորման գործընթացի նախորդ տարվա զարգացումների վերաբերյալ, ըստ որի՝ Ղարաբաղյան կարգավորման քայլերի իրականացման հարցում շարժ կա: «Շարժ կա «փոքր քայլերի» իրականացման հարցում, որոնց մասին պայմանավորվել են արտաքին գործերի նախարարները 2019 թվականի ապրիլին Մոսկվայում հանդիպման ժամանակ՝ զարգացնելով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև Վիեննայում 2019 թվականի մարտին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել էր ՌԴ ԱԳՆ-ն: «Սակայն կարգավորման էության հարցերի գծով առաջ շարժվել առայժմ չի հաջողվել»,- ավելացրել էին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հույս հայտնելով, որ երկրների միջև առարկայական խոսակցությունը կվերականգնվի։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ համաձայն է ՌԴ ԱԳ նախարարության հետ այն հարցի շուրջ, որ որոշակի շարժ կողմերի միջև պայմանավորվածությունների հարցում եղել է: Նրա խոսքով, դրանք եղել են փոքր քայլեր, բայց ուշադրության արժանի, քանի որ հաճախ չէ, երբ կողմերը կարողանում են ձեռք բերել և իրականացնել պայմանավորվածություններ:

«Մենք շատ տապալված պայմանավորվածություններ ենք տեսել, ուստի այն պայմանավորվածությունների մի մասը, որն իրականացվել է անցյալ տարի, ուշագրավ էին: Դա նաև հանդիպումների մեկնարկային շրջանն էր ՀՀ նոր իշխանությունների հետ, ուստի ավելի հետաքրքրական է հետևել, միտումներն արձանագրել այս տարի, երբ կողմերի դիրքորոշումներն ավելի ուրվագծված ու հասկանալի են միմյանց համար: Նախորդ հանդիպումից կարճ ժամանակ է անցել, կարծում եմ՝ շարունակելու են խոսել այն ամենից, ինչ նախորդ հանդիպումներին, սակայն այդ հանդիպումների բովանդակության մասին, կրկնեմ, մենք շատ քիչ բան գիտենք: Գիտենք, որ նախորդ տարի այդ հանդիպումների արդյունքում հաջողվել է երկու համաձայնություն ձեռք բերել և իրականացնել, իսկ դրանից բացի՝ ինչ հարցեր ու ինչ այլ քննարկումներ են տեղի ունեցել, չգիտենք, թեև կարելի էր կարծել, որ այդ տեղեկատվությունը պետք է ավելի բաց լինի, քան նախորդ իշխանությունների պարագայում:

Այսինքն՝ եթե կարճ ասեմ, ապա կշարունակվեն նախորդ խոսակցությունները, որոնք միտված են պահպանելու շփումները կողմերի միջև: Եթե ավելի գլոբալ խոսենք, կարծում եմ՝ ռազմական սցենարից կողմերը խուսափում են, տեսականորեն ամեն սցենար կարող ենք քննարկել, բայց Ադրբեջանը ներքաղաքական փոփոխությունների փուլում է, Հայաստանում ցանկանում են երկարաձգել այս փուլը, ուստի կարծում եմ, որ մոտավորապես ականատեսն ենք լինելու այնպիսի զարգացումների, ինչ վերջին ամիսներին»,- ասաց Տարասովը:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ դիրքորոշմանը, ապա Տարասովն ասաց, որ ռուսական կողմի դիրքորոշումը նույնն է և չի փոխվելու: «Լավրովն այս պահի դրությամբ շարունակում է իրականացնել նախարարի պարտականությունները, այսինքն՝ ռուսական միջնորդությունը այս փուլում փոփոխություններ չի կրի: Ավելին, նույնիսկ ավելի լուրջ փոփոխությունների դեպքում, կարծում եմ, մեր շահերը նույնն են, քաղաքականությունը՝ ևս»,- ասաց նա:

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն իր հերթին՝ ասաց, որ նախարարական մակարդակով հանդիպումների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կողմերը կշարունակեն այն հումանիտար օրակարգը, որը նկատելի է եղել անցյալ տարի: «Կարծում եմ՝ կլինեն հումանիտար որոշ քայլեր, նման միջավայր տեսնում եմ, նման պայմանավորվածությունների իրականացում հնարավոր է: Գուցե այս պահին կոնկրետ առաջընթաց հնարավոր չէ արձանագրել այդ ուղղությամբ, բայց նման պրոյեկտները լցնում են այն բանակցային դատարկությունը, որը ստեղծվում է կողմերի կարծր դիրքորոշումների պատճառով: Դա կողմերը լավ գիտակցում են, ուստի, երբ առիթ է ստեղծվում ինչ-որ պայմանավորվածության համար, դա արվում է: Սակայն երկարաժամկետ հեռանկարի համար, չեմ տեսնում, որ կողմերը պատրաստ են լուրջ պայմանավորվածությունների:

Դրանց համար լուրջ փոփոխություններ են հարկավոր հակամարտող երկրներում և տարածաշրջանում»,- ասաց նա:
Խոսելով հակամարտող երկրներում ծավալվող ներքաղաքական զարգացումների մասին, սպասվող ընտրություններից՝ Մաքֆարլեյնն ասաց, որ, անշուշտ, դրանք ինչ-որ կերպ կարտացոլվեն գործընթացի վրա:

«Սակայն մենք ականատես ենք եղել նմանատիպ իրավիճակներում թե դրական, թե բացասական զարգացումների, ուստի անկանխատեսելի է, թե ինչպիսին կլինի իրավիճակը:

Ըստ ամենայնի, սուր զարգացումներ չեն լինի, կողմերը դրանցից կխուսափեն՝ ներքաղաքական փոփոխությունների, ինչպես նաև աշխարհում բռնկվող լարված զարգացումների ֆոնին: Կողմերը հասկանում են, որ տարածաշրջանի խաղաղությունը կարող է հեշտորեն խաթարվել, ուստի բանակցային գործընթացի շարունակականությունը չափազանց կարևոր է»,- ասաց Մաքֆարլեյնը:

 

Տեսանյութեր

Լրահոս