Բաժիններ՝

«Ճանապարհները փակելու են, խափանելու են ամեն ինչ»

Արդեն մի քանի օր է՝ գյուղացի անասնապահները բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց՝ պահանջելով հրաժարվել պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու մասին որոշումից: Երեկվա ակցիան բազմամարդ էր, ուստի իշխանությունները մեծ թվով ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ:

Ֆերմերները պնդում են, որ կառավարությունն իրենց դրդում է անասունները վաճառել ու արտագաղթել: «2018 թվականին, երբ սկսեցին խոսել պարտադիր սպանդանոցային մորթի մասին, այն ժամանակ մեզ ասում էին, որ դա վերաբերելու է խոշորներին, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր ունեն 1000 և ավելի գլուխ անասուն և կարողանում են մսամթերք արտահանել։ Հավատացնում էին, որ դա չի վերաբերելու փոքր բիզնես ունեցողներին, այսինքն՝ մեզ։ Հիմա ստացվում է, եթե դա փոքրերի վրա է տարածվում, և ես մեքենայի համար պետք է վճարեմ, որ անասունը տանեմ, մի հատ էլ պետք է սպանդանոցում մորթի համար վճարեմ, այդ դեպքում ինձ շահույթ չի մնում, և ավելի լավ է՝ անասունները վերացնեմ ու հեռանամ երկրից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից, ֆերմեր Փայլակ Սարգսյանը։

Նա նաև հավելել է, որ կառավարությունը նման որոշում կայացնելուց առաջ ֆերմերների և մսագործների հետ որևէ քննարկում չի ունեցել և չի լսել շահագրգիռ կողմերին։ «Այս որոշումը կայացնելիս մեզ հետ հաշվի չեն նստել, գիտեք՝ հանրապետականների կառավարման ժամանակ մեզ հետ որոշակիորեն հաշվի նստում էին, հիմա՝ ոչ։ Էն ժամանակ էլ կար կաշառակերություն, հիմա էլ ա նույնը՝ ի՞նչ տարբերություն»,- ասել է ֆերմերը։

Նա նաև հայտարարել է, որ առավոտյան ժամը 8-ից փակելու են բոլոր մարզերի ճանապարհները: «Խափանելու ենք ամեն ինչ, եթե իրենք մեզ ջարդում են, մենք էլ կգնանք դրան ու մեր դժգոհությունն այսպես կարտահայտենք»,- ասել է Փայլակ Սարգսյանը։ Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ գուցե իշխանությունն ուժի կիրառմամբ բացի ճանապարհները, Սարգսյանը պատասխանել է. «Կորցնելու բան էլ չունենք, ինչ ունեինք, կորցրինք, կգնամ՝ ինչքան հասնում է, կնստեմ»։

Երեկ ֆերմերների բողոքի ակցիային անդրադարձել է նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նկատելով. «Անասնապահների ցույցը կառավարության դիմաց լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի դա, վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում։ Ոչ գյուղացու սեփականություն հանդիսացող սպանդանոցները բնորոշ են կոլխոզներին և սովխոզներին։ Նորից այդ քաղաքականության կիրառումը տանելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ու կոլխոզների և սովխոզների վերականգնմանը։ Հիմա պետք է պետությունը հիմնի սպանդանոցներ (իր վրա վերցնի կապիտալ ծախսերը, որոնց մի փոքր մասը ժամանակին պետք է վերադարձվի), դրանք դարձնի կոոպերատիվներ, որտեղ փայ (ոչ թե բաժնեմաս) պետք է ունենան այն գյուղացիները, որոնց անասունները այդտեղ մորթում են կամ ենթամշակման ենթարկում։ Այդ կոոպերատիվներում պետք է բացառապես աշխատեն փայատեր գյուղացիների ընտանիքի անդամները»:

Հ. Բագրատյանի խոսքով՝ գյուղացին ուրախությամբ դրան կհամաձայնի ու մի բան էլ փայ ու լրացուցիչ եկամուտ կստանա։ «Այս կոնկրետ բաները Նիկոլ Փաշինյանին ասվել է 1.7 տարի առաջ։ Ավաղ, գյուղատնտեսության ոլորտը վստահվել է մեկին, որն այն պատկերացնում է մի քանի խոշոր սովխոզի տարբերակով, այստեղ-այնտեղ խոսում է մանր սեփականաշնորհման սխալ լինելուց, այդ ամենը համարում թալան։ Նա ՌԴ գյուղատնտեսության ստրուկտուրան փորձում է վերականգնել Հայաստանում։ Վերջը սոված ենք մնալու»,- հայտարարել է Հ. Բագրատյանը։

Ի դեպ, ֆերմեր Թոռն Հասոյանն էլ մեզ հետ զրույցում երեկ հայտարարել է, որ սպանդանոցային մորթի անցնելու դեպքում միսը թանկանալու է: «Մենք չենք ունենալու այլևս գյուղատնտեսություն, չենք ունենալու նաև անասնապահություն, Հայաստանում ընդհանրապես վերանալու է անասնապահությունը։ Անասնապահության կանգն արդեն տրված է: Օրինակ, ամեն շաբաթ Արմավիրի շուկայում վաճառվում է 500-1000 կենդանի անասուն, կիրակի օրն այդ շուկան գործում է Արտաշատում, նույնքան էլ վաճառվում էր այնտեղ, իսկ այս  շաբաթ և կիրակի օրերին այդ երկու շուկաներում ոչ մի անասուն չի վաճառվել, իսկ դա նշանակում է, որ մարդիկ անասուն գնելուց ու պահելուց խուսափում են։ Այսպես որ գնա՝ երկու կամ երեք տարի հետո խանութներում կտեսնեք՝ տեղական միս՝ 5000 դրամ, ներկրված միս՝ 1000 դրամ»,- ասել է Հասոյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս