«Ցավում եմ, որ անգամ մարդու մահը մեզանում փորձում են այսքան քաղաքականացնել». Գևորգ Գորգիսյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին
ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ վերջինս ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովին կարող էր հսկայական տվյալներ փոխանցել, և նրա անունը հանձնաժողով կանչվելիք հյուրերի ցանկում կար:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ դրանք տվյալներ են, որոնք պետք է ուսումնասիրվեն, հետևաբար՝ նրա մահը որևէ ազդեցություն չի ունենալու:
«Եթե հանձնաժողովին ԱԱԾ-ից իմանալու համար հետաքրքիր են ինչ-որ բաներ, ապա դրանք հետախուզության տվյալներն են»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Ըստ Գորգիսյանի՝ հավաքագրված տվյալներն անձերով պայմանավորված չեն:
«Դրանք տվյալներ են, որոնք մենք պետք է ուսումնասիրենք, հետևաբար՝ նրա մահը որևէ ազդեցություն չի ունենալու: Չեմ էլ հասկանում նման մտքերի խեղաթյուրված տրամաբանությունը: Ցավակցություններս եմ հայտնում Կուտոյանի հարազատներին, ցավում եմ, որ անգամ մարդու մահը մեզանում փորձում են այսքան քաղաքականացնել և անպատեհ շահարկել: Առաջին հերթին ԶԼՄ-ներին կոչ եմ անում չտրվել նման սադրանքներին»,- շեշտեց Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում