Երբ բացվում է տասնամյա ֆեյք-նյուզի վարագույրը
Եթե ամերիկյան պետական քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչները բավականին դրական ու մեծապետական արտահայտություններ, ձևակերպումներ ու զեկույցներ ներկայացնեին ՀՀ քաղաքական դաշտի մեկ ուրիշ քաղաքական դեմքի մասին, ՀՀ լրատվական դաշտի «ռահվիրաները» կլծվեին այդ թեզերը տարբեր տիպի թրոլինգի ենթարկելուն, սակայն, երբ կարդում ենք, թե ինչ գնահատականներ են հնչեցվել 2008-ի ընտրությունների ժամանակ իշխանության թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի անձի մասին, ապա հերթական անգամ օրվա իշխանությունները կմեղադրեն հակահեղափոխությանն ու նախկին ռեժիմին սպասարկելուն, սակայն հիմա ակնհայտ է այն, որ կան իրական և անհերքելի փաստեր։
2008թ. Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները եղել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում։
Ամերիկացի դիվանագետները անտարբեր չեն եղել այդ իրադարձությունների հանդեպ՝ փորձելով հնարավորինս ճշգրիտ հասկանալ իրականությունը, երբեմն էլ՝ միջնորդական դերակատարություն ստանձնել։ Այդ հանգամանքների վրա լույս է սփռում տվյալ ժամանակահատվածում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական գրագրությունը, որը համացանցում տարածվել է շնորհիվ «Վիկիլիքսի» հրապարակած գաղտնի փաստաթղթերի։
2008 թվականի փետրվարի 19-ին, այսինքն՝ ընտրությունների օրը, դեսպանատան գաղտնի հաղորդագրության մեջ կարդում ենք հետևյալը․
«Շարքային հայը, ով նախապատվությունը տալիս է Սարգսյանի թեկնածությանը, հաշվի է առնում նրա փորձը, կենսապայմանները բարելավելու ակնկալիքը Հայաստանի զարգացման տեսլականը, ինչպես նաև ազգային գործիչ լինելու փաստը»։
Զեկույցում խոսվում է նաև, որ իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում Սարգսյանը զբաղեցրել է բացառապես առանցքային գերկարևոր պաշտոններ, որոնք պետության կայացման ու զարգացման համար ունեցել են անկյունաքարային նշանակություն։ Որպես ընդհանրական տեսակետ՝ նշվում են նաև այնպիսի թեզերը, ըստ որի՝ «թեև ոմանք արհամարհում են Սարգսյանին և մեղադրում են նրան մեղսագործության մեջ, որ նա կոռումպացված է, բազմաթիվ այլ մարդիկ հարգում են նրան՝ որպես փորձառու ռազմական և քաղաքական առաջնորդ՝ իրական և անկախ հաղթանակներով, մարդ, ով անցել է ռազմի դաշտով և կարող է ապահովել կայունության լավագույն ուղին, ինչպես նաև անվտանգություն և տնտեսական հաջողություններ: Զեկույցն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում նաև, որ այնտեղ նշվում է, որ ստեղծված քաղաքական-տնտեսական տվյալ շրջափուլում առկա թեկնածուներից հենց Սարգսյանը կարող է հստակ դիվերսիֆիկացնել քաղաքական և տնտեսական էլիտաներին, որպեսզի երկրի ներսում ավելորդ լարվածություն և ինտրիգներ տեղի չունենան։
Նույն զեկույցից պարզ է դառնում, որ, ինչպես հիմա, այնպես էլ այդ օրերին Տեր- Պետրոսյանն ասոցիացվում էր մութ ու ցուրտ տարիների հետ, մինչդեռ վերջին 10 տարիների ընթացքում՝ նախագահ Քոչարյանի օրոք, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է։
Հատկանշական է, որ ամերիկյան գաղտնի զեկույցներում առանձին տողով խոսվում է Սերժ Սարգսյանի մարդկային հատկանիշների և իրական առաջնորդ լինելու մասին։
Նշվում է, որ առկա թեկնածուների մեջ հենց Սարգսյանն ունի իրական «վոժդին» հատուկ գծեր։
Մի կարևոր առանձնահատկություն ևս․ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։
Նրանք նաև կարծիք են հայտնել, որ, թեև Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։ Ըստ էության ամերիկյան հռետորաբանությունից պարզ է դառնում, որ նրանք պատրաստ են աշխատել Սարգսյանի հետ, և միայն փորձում են բարձրացնել ընտրությունների հետ կապված խնդիրները ու լուծումներ գտնել, որպեսզի Սարգսյանը դառնա ավելի լեգիտիմ նախագահ։ Նշվածից կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ ներկայացուցիչները փաստացի ֆիքսում են, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները։ Ինչպես նաև ճգնաժամի հանգուցալուծման դեպքում հայտնում են պատրաստակամություն՝ աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով։
Արթուր Գալստյան