«Հայաստանցի-ղարաբաղցի» տերմինի, Մարտի 1-ի մասին, և՝ ոչ միայն
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական քննարկվող ու արծարծվող թեման Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների վերաբերյալ հանրային դիսկուրսն է։ Այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ:
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ակտիվորեն սկսել են շրջանառվել Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական թեզերն արցախյան հարցի վերաբերյալ: «Հայաստանցի-ղարաբաղցի» եզրույթն առաջին անգամ ակտիվ շրջանառության մեջ դնողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Արցախի ղեկավարների տղաները բանակում չեն ծառայել, սահման չեն պահել: Հետագայում Փաշինյանն ավելի խորացրեց լարվածությունը և շրջանառության մեջ դրեց նաև Արցախում «հակահեղափոխության օջախ» ստեղծելու մասին ձևակերպումները:
Հայաստան-Արցախ միասնությունը խախտելու անհագ ցանկությունն ավելի ակնառու դարձավ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննելիս։ Հիմա փորձենք ներկայացնել 2008 թվականին նախընտրական և հետընտրական որոշ մանրամասներ, որոնց մասին բավականին ուշագրավ դիտարկումներ են ներկայացվել «Վիկիլիքսի» կողմից գաղտազերծված փաստաթղթերում։ Այս ամենն այլընտրանքային է, երբ փորձում են իրականությունը ներկայացնել բացառապես ՀՔԾ-ի և որոշ դերակատարների տեսանկյունից։
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցերն են եղել։ Ի սկզբանե Տեր-Պետրոսյանը պատրաստվել է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։
Ըստ Փենինգթոնի՝ Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները հույս ունեին հավաքել ցուցարարների կրիտիկական մասսա և վարդերի կամ նարնջագույն հեղափոխությունների նման ապստամբություն բարձրացնել։ Ըստ հրապարակումների՝ Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջանակներից տեղեկություն են ստացել, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի պարագայում հենց ընտրությունների օրվա գիշերը ցույցեր կկազմակերպվեն։ Փենինգթոնը նաև անհավանական է համարում, որ ընտրությունների միջոցով Լ. Տեր-Պետրոսյանը կամ այլ թեկնածու այնքան ձայն կհավաքեն, որ հաղթեն, քանի որ ընտրողների կողմից թեկնածուներից ոչ ոք չունի միանշանակ բարձր աջակցություն․ ինչը, ըստ էության, փաստացի տեղի ունեցավ։ Ասել է,թե՝ 2008-ին ընդդիմության մոտ կար միայն մի օրակարգ․ ընտրություններում հաղթելու են իրենք, եթե հաղթեց իշխանության թեկնածուն, ուրեմն ամեն ինչ կեղծ է, կամ, այլ կերպ ասած՝ կամ մենք, կամ ոչ ոք՝ արմագեդոն։
Միաժամանակ առանձնացնենք մի հետաքրքիր դրվագ ևս, որը բավականին «պատահաբար» վրիպում են թեմայի հետ կապված ուսումնասիրողներն ու փաստահավաք խմբի իրավաբաններն ու փորձագետները․ այդ օրերին անորոշ տեղեկություներ են շրջանառվել, ըստ որի՝ ԵԿՄ-ն բացահայտ աջակցելու է Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ և ընտրությունների օրն ու դրան հաջորդող ժամանակաշրջանում դառնալու է նրա հիմնական ուժը։ Ոչ բացահայտ, բայց միջազգային կառույցների հատուկ աշխատակիցների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել նաև, որ Մանվել Գրիգորյանն աջակցում է Տեր-Պետրոսյանին, և ՊՆ անձնակազմին հայտնել է, որ ԵԿՄ անդամները Հայաստանով մեկ հետևելու են քվեարկության գործընթացին։ Իսկ թե ինչ ճակատագրի արժանացավ 2008 թվականին Տեր-Պետրոսյանին և բարոյապես, և ֆինանսապես աջակցություն ցուցաբերած գեներալը, երբ 2018-ին իշխանության եկավ 2008-ին ՀԱԿ-ի շտաբի ամենաակտիվ անդամ և Մարտի 1-ի հիմնական կուրատոր Նիկոլ Փաշինյանը, ականատես դարձանք բոլորս։
Ի հավելումն այս ամենի՝ նշենք, որ դեռևս 1999-ին ԵԿՄ-ն արդեն մեկ անգամ սպառնացել էր իշխանությանը (տվյալ դեպքում՝ Քոչարյանին) երկրում խժդժություններ իրականացնելու հարցով։ Փաստացի ստացվում է այնպես, որ ակնհայտորեն Պետրոսյանի պլանն ի սկզբանե հենց փողոցային լայնամասշտաբ ցույցերն ու անկարգությունների կազմակերպումն են եղել, նախնական տարբերակով էլ պարզ է դառնում, որ նա պատրաստվել է ընտրություններից հետո լցնել փողոցները և հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։
Վիկիլիքսյան աղբյուրներն այս առումով փաստում են, որ դեսպանատունը տվյալներ է ունեցել, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվել են Պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն, ինչը երկրում սահմանադրական կարգի խախտման իրական վտանգ էր ստեղծում, և սա վկայում է, որ այդ օրերին պետության բնականոն կյանքին արհեստական միջամտությունից բացի՝ բացահայտ անվտանգության սպառնալիք է եղել։ Այս պարագայում, օրինակ, բացահայտ միամտություն կլիներ կարծել, որ, ասենք, Մանվել Գրիգորյանի աջակցությունը խաղաղ կամ ինտելեկտուալ բնույթ էր կրելու բողոքի ակցիաներին, կամ թե չէ՝ քաղաքական գործընթացների շուրջ ընթանալու էր կայուն ու ռացիոնալ դիսկուրս, և այդ ընդհանուր քաոտիկ զարգացումների մեջ չէր ներքաշելու զինված ԵԿՄ մյուս անդամներին, ինչն իր հերթին՝ պետք է հանգեցներ լուրջ մարտական գործողությունների, կամ, որ նույնն է՝ քաղաքացիական պատերազմի։
Անդրադառնալով այս դրվագներին՝ առանձնացնենք մի կարևոր դետալ ևս․
Վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում է Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի հետ կապվածության, ունեցած մասնակցության ու «հակապետական» գործունեության մասին գործը, որի արդյունքում Երկրորդ նախագահն ապօրինի կերպով շարունակում է մնալ կալանքի տակ։ Քոչարյանի «մեղսագործության» մասին 12 տարի շարունակ թմբկահարել են Տեր-Պետրոսյանը, Փաշինյանը և նրանց քարոզչամիջոցները, պետք է փաստել հետևյալը։ Փետրվարի 28-ին հանդիպելով ամերիկյան կողմի հետ, նախագահ Քոչարյանը նրանց տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ Քոչարյանը նշել է, որ ԵԿՄ-ն արդեն գիտի, որ, եթե փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել Տեր-Պետրոսյանին, նրանց պետությունը ողջ ուժով կդիմակայի։ Քոչարյանը նշել է, որ իրենց նպատակն է՝ ցույցերի ժամանակ բացառել զենքի առկայությունը, նաև հավելել, որ եթե իշխանությունը ցանկանար ազատել Հանրապետության հրապարակը, դա կարող է անել 40 րոպեում, բայց դա կվնասի ցուցարարներին, ինչն ինքը չի ցանկանում։
Արմեն Հովասափյան