«Սարգսյանի օրոք որոշ խախտումներ եղել են, բայց նման մակարդակի օտար միջամտություն հաստատ չի եղել»

168.am-ը գրավոր մի շարք հարցեր է ուղղել ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկին վերջին ժամերին Ռուսաստանում ծավալվող ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ:

– Պարոն Տրոֆիմչուկ, նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ելույթից հետո արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տալիս: Ինչպես ռուսական մի շարք լրատվամիջոցներ են գրում, սա անսպասելի որոշում էր նույնիսկ Մեդվեդևի Կառավարության համար, որն արդեն ուներ աշխատանքային պլան մեկ ամսվա համար: Սա հեղափոխություն է վերևի՞ց: Ինչո՞ւ իշխանությունը նման որոշում կայացրեց:

– Հետսովետական տարածքում կառավարությունների անսպասելի հրաժարականներում որևէ արտասովոր բան չկա, այստեղ ոչ մի արտառոց բան չկա: Տարօրինակն այլ բան է, որ մարդիկ դեռ դրան չեն հարմարվել և պատրաստ են նմանատիպ գործընթացներում փնտրել երկրորդ-երրորդ հարթություն: Ուստի չեմ կարծում, որ Դմիտրի Մեդվեդևի համար այս գործընթացներն անսպասելի էին՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ոչ մի տեղ չի կորչելու և զբաղեցնելու է շատ լուրջ պաշտոններ: Ես լրջորեն կխոսեի հրաժարականի մասին միակ մեկ դեպքում, երբ չինովնիկը լիովին և ընդմիշտ կորչեր տեսադաշտից:

Մյուս բոլոր դեպքերում սա պարզապես աշխատատեղի փոփոխություն է, այդ պատճառով այստեղ խոսք չկա ոչ մի հեղափոխության մասին՝ «վերևից», «ներքևից» կամ «կողքից»: Այո, Դմիտրի Մեդվեդևն իր մյուս գործընկերների համեմատ՝ իր պաշտոնում բավականին երկար ժամանակ աշխատեց, այնինչ սա ՌԴ-ում առաջին դեպքը չէ այս պաշտոնի շուրջ, որը նման արագությամբ ազատվում է: Այնուամենայնիվ, նախարարների կաբինետի ղեկավարի փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա երկրի պետական կուրսի վրա, ուստի չկան անհանգստության հիմքեր: Դմիտրի Անատոլևիչի համար ևս սրանում ոչ մի սենսացիա չկա, քանի որ իշխանության ներսում չինովնիկների ռոտացիան՝ մի տեղից մյուսը տեղափոխությունը, իրականացվում է անընդհատ: Հետևաբար՝ նա ևս դրան պատրաստ էր:

– Ո՞րն է Դաշնային խորհրդին ուղղված ելույթում Պուտինի առաջարկած սահմանադրական փոփոխությունների իմաստը: Նման փոփոխությունները սովորաբար դիտարկվում են՝ որպես իշխանության տրանզիտին ուղղված ենթակառուցվածքի ձևավորում: Ըստ Ձեզ՝ առաջարկվող այս փոփոխությունները թույլ տալի՞ս են եզրակացություններ անել, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի իշխանական կառուցվածքը 2024 թվականից հետո:

– Գրեթե բոլոր փորձագետների կարծիքները համընկնում են՝ այս փոփոխությունները պայմանավորված են իշխանության տրանզիտային գործընթացի մեկնարկով: Ամենայն հավանականությամբ, դա հենց այդպես էլ կա, բայց սրան պետք է ավելացնել նաև իշխանության ցանկությունը՝ ամրապնդել կառավարման պետական համակարգը, քանի որ, իմ կարծիքով, շատ բան ներկայումս կախված է ոչ թե նրանից, թե ինչ է կատարվում երկրի ներսում, այլ նրանից, թե ինչ է կատարվում երկրի շուրջ: Ես ուշադրություն դարձրի նախագահի ուղերձի այլ հատվածների վրա, մասնավորապես՝ աշխարհում «անկանխատեսելի ու անկառավարելի» իրադարձությունների մասին նրա դիտարկման վրա: Ինչ վերաբերում է 2024 թվականից հետո իշխանության կառուցվածքի տեսլականին, ապա իսկապես այն հիմնական գծերով արդեն ներկայումս հասկանալի է: Իսկ կոնկրետ ազգանուններն այդ կառուցվածքում արդեն տեխնիկական հարց է: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք նրանք կկարողանա՞ն արձագանքել արտաքին մարտահրավերներին, քանի որ համաշխարհային գործընթացների էսկալացիան հենց այնպես այլևս հնարավոր չէ կանգնեցնել:

– Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ևս նախաձեռնեց և իրականացրեց սահմանադրական բարեփոխումներ 2015 թվականին, որից 3 տարի անց Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ: Ներկայումս ևս իշխանությունը ՀՀ-ում ցանկանում է իրականացնել նման փոփոխություններ, փաստորեն Ռուսաստանում՝ ևս: Զուգահեռներ կարելի՞ է անցկացնել այս իրավիճակներում:

– Ոչ մի զուգահեռ նման իրավիճակներում չի աշխատում, թեև որպես օրինակ՝ շատ են բերվում: Ամբողջ խնդիրն այն է, թե ով, ինչպիսի կոնկրետ մարդիկ են կանգնած այդ փոփոխությունների ետևում: Օրինակ, Ղազախստանում կամ Ադրբեջանում ամեն ինչ ընթանում է այլ ճանապարհով Հայաստանի համեմատությամբ: Սերժ Սարգսյանը, ինչպես երևում է, չէր հաշվարկել սեփական ուժերը՝ իր առջև դնելով նման լուրջ նպատակներ, կամ նա չուներ անհրաժեշտ փորձագետներ:

Բացի դրանից, նման հարցերում պետք է հաշվի առնել նաև հասարակության ռեակտիվության գործակիցը, և հենց այդ չափորոշիչով հայաստանյան հասարակությունը հետսովետական տարածքում ամենաառաջին տեղերից մեկն է զբաղեցնում՝ վրացիների հետ: Այդ խառնուրդն էլ հենց Հայաստանում աշխատեց, թեև ոչ մի հեղափոխություն չի նկատվում մինչ օրս: Չէ՞ որ նույն Սարգսյանը 2018 թվականի գարնան իրադարձություններից առանձնապես չտուժեց, իսկ Նիկոլ Փաշինյանը չգտավ մեխանիզմներ՝ նախկին իշխանության բարձրաստիճան կոռուպցիոներներին ցուցադրաբար պատժելու համար:

Ավելին, ի՞նչ ժողովրդական հեղափոխության մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանի վարչապետը ԱՄՆ-ից հրավիրում է ՀԴԲ-ի մի խումբ աշխատակիցների, որպեսզի նրանք ՀՀ ԱԱԾ-ի հետ իրականացնեն համատեղ հետաքննություն՝ իբրև թե Սարգսյանի կողմից արտերկիր պետական ակտիվների ապօրինի դուրսբերման փաստերի վերաբերյալ (փորձագետը, թերևս, նկատի ունի հայկական մամուլում հայտնված տեղեկությունները, որ Քննչական կոմիտեն ԱՄՆ ՀԴԲ-ի աջակցությամբ բացահայտել է պետական միջոցներից խաբեությամբ հարյուր-հազարավոր դոլարների հափշտակության դեպք.- Ա.Մ.): Ուստի այստեղ չեն կարող զուգահեռներ լինել ռուսական իրադարձությունների հետ, որոնք ամբողջությամբ օրենքի շրջանակում են: Գուցե սա խոսակցության այլ թեմա է, քանի որ նման «հրավերների» ետևում կարող է լինել ամերիկյան հատուկ ծառայությունների ուղիղ միջամտությունը՝ ոչ միայն Հայաստանի և նրա Կառավարության գործերին, այլև ավելի լայն՝ ՀԱՊԿ ոլորտին, որտեղ ոչ միայն Երևանի շահերն են:

Իսկ ինչո՞ւ արվեց հենց այդ «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում, որպեսզի Վաշինգտոնն ուղիղ կերպով մուտք գործի Հայաստանի պետական սիրտ և տիրապետի վերջին բոլոր գաղտնիքների՞ն: Սարգսյանի օրոք որոշ խախտումներ եղել են, բայց նման մակարդակի օտար միջամտություն հաստատ չի եղել:

– Ռուսաստանյան փոփոխություններն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ն Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա, կամ կարո՞ղ են նշանակություն ունենալ ՌԴ արտաքին քաղաքական կուրսի ընտրության հարցում:

– Ռուսաստանի ներքին, կառուցվածքային փոփոխություններն արտաքին քաղաքականության վրա որևէ ազդեցություն չեն ունենա: Արտաքին քաղաքականությունը ձևավորում է նախագահը, նա էլ շարունակում է այն իրականացնել, այդ ուղղությամբ ընդհանրապես ոչինչ տեղի չի ունեցել: Այս փոփոխություններն իմաստ ունեն միայն ներքին գործընթացների տեսանկյունից: Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, սկսել է արձագանքել ռուսական կառավարության ղեկավարի փոփոխությանը, բայց այդ մեկնաբանություններում չկա որևէ արտառոց բան: Ի գիտություն ընդունեցին, և վերջ:

– Ըստ Ձեզ՝ Ռուսաստանում հնարավո՞ր է հեղափոխություն, ինչպես եղավ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից երեք տարի անց:

– Մեկ անգամ ևս հիշեցնեմ այն, ինչի մասին մեկ անգամ չէ, որ գրել եմ ու խոսել: Հենց Ռուսաստանում 1991 թվականի օգոստոս ամսին տեղի ունեցավ առաջին կամ զրոյական, այսպես ասած՝ «գունավոր հեղափոխությունը», որի արդյունքները ստիպված են լինում մաքրել մինչ այժմ: Վրաստանի ու Ուկրաինայի դասական իրադարձություններից շատ ավելի վաղ, հենց այդ պատճառով մեր մարդիկ, ի տարբերություն Հայաստանի բնակչության, վաղուց են հասկացել այնպիսի բառերի իրական գինը, ինչպիսիք են «ժողովրդավարությունը» և «լիբերալիզմը»: Ուստի չափազանց տարօրինակ կլիներ բնակչության կողմից կրկին պահանջել նույն ձևաչափի վերադարձ:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններից հասարակության դժգոհությանը, ապա այստեղ ամեն ինչ կախված է հասարակության կենսամակարդակից: Մարդկանց համար, մեծ հաշվով, միևնույն է, թե ինչ է գրված այդ փաստաթղթերում, եթե նրանց կյանքը հաճախակի և ակնհայտ կերպով բարելավվում է: Բայց եթե այն շարունակաբար վատթարանա, ապա ռուսները երբեք չեն նայի ինչ-որ ֆորմալ թղթերի և կգնան ճեղքման, ինչպես մեկ անգամ չէ, որ եղել է երկրի պատմության ընթացքում:

Ուստի, քանի որ նոր կառավարության հետ մարդիկ մեծ հույսեր են կապում, Կառավարությունը պետք է շեշտակի կերպով բարելավի նրանց կյանքը հենց հիմա, այսօր, այս պահին: Այլ ելք Կառավարությունը չունի, գեղեցիկ, կլոր տարեթվերին հերթական հղումներին՝ 2030, 2050, ոչ ոք այլևս չի սպասի:

Տեսանյութեր

Լրահոս