Սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացված 725 հիվանդ. բժիշկը խորհուրդ է տալիս պատվաստել երեխաներին
«Սուր շնչառական հիվանդությունները սեզոնային բնույթ են կրում, չնայած որոշ հարուցիչներ կարելի է հանդիպել նաև այլ եղանակներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը: Առողջապահության նախարարությունից օրեր առաջ հայտնել էին, որ այս տարվա հունվարի 14-ի դրությամբ սուր շնչառական խնդիրներով հիվանդանոցներ դիմել է ավելի շատ մարդ, քան անցած տարի նույն ժամանակահատվածում: Նշվել էր նաև, որ թոքաբորբով դիմողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է:
Հունվարի 14-ի դրությամբ` հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազումը՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են: Բժիշկ Մարի Դարակչյանը զգուշացնում է՝ երեխաների վարքագծի փոփոխման դեպքում անպայման դիմել բժշկի:
«Ծնողները պետք է ուշադիր լինեն, եթե երեխայի ջերմությունը պահպանվում է 7 օր և ավելի, չի ենթարկվում ջերմիջեցնողներին, առկա է քնկոտություն, հրաժարում սննդից և հեղուկներից, երեխան կոնտակտի դուրս չի գալիս ծողների հետ, և ընդհանրապես ծնողը զգում է, որ իր երեխան ինքն իրեն նման չէ, պետք է դիմել բժշկի, տեղամասային պոլիկլինիկա կամ շտապ օգնության ծառայություն: Բժշկի հետ պետք է մնալ մշտական կապի մեջ, քանի որ բարդությունները կարող են լինել լուրջ՝ թոքաբորբ, մենինգիտ, գրիպի վիրուսը կարող է բերել միջին ականջի բորբոքման»,- հորդորում է բժիշկը:
Մարի Դարակչյանի պնդմամբ՝ այս սեզոնին հիվանդությունները պայմանավորված են նրանով, որ մենք ավելի երկար ենք գտնվում փակ տարածքում, որոնք, ցուրտ եղանակով պայմանավորված՝ հաճախ չեն օդափոխվում: Բժշկի կարծիքով՝ երեխաների դեպքում գրիպից խուսափելու ամենաարդյունավետ ճանապարհը պատվաստումն է, չմրսելը, իսկ մյուսներին չվարակելու համար՝ հիվանդ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չուղարկելը: Գրիպին հատուկ ախտանշանների առկայության դեպքում մանկաբույժը խորհուրդ է տալիս առանց բժշկի ցուցումի երեխային չտալ դեղորայք:
«Հակահազային դեղորայքներ, համակցված դեղորայքներ, որոնք օգնում են քթային շնչառության լավացմանը, կոկորդում ցավի մեղմացմանը, չնշանակել ինքնուրույն, որովհետև շատ հաճախ այդ դեղորայքների մեջ առկա կոմպոնենտները կրկնվում են, և կարող է լինել գերդոզավորում: Օրինակ՝ մայրը կտա պարացետամոլ՝ ջերմիջեցման համար, և էլի ինչ-որ բան, որի մեջ ևս պարունակվում է պարացետամոլ, բայց մայրը տեղյակ չէ, քանի որ անվան մեջ նշված չէ, այդյունքում երեխան կստանա գերդոզավորում, որը վտանգավոր է»,- ասաց բժիշկը:
Շրջանառվում են գրիպի Ա և Բ տիպերը, բժշկի պնդմամբ՝ վատ դեպքեր երեխաների շրջանում չունենք: Պատվաստանյութերից խուսափող ծնողներին բժիշկը խորհուրդ է տալիս չտրվել մանիպուլյացիաներին:
«Այն ծնողները, որոնք չեն հիվանդացել վարակիչ հիվանդություններով շնորհիվ նրա, որ իրենց երեխա եղած տարիներին հակապատվաստումային արշավ չկար, այսօր հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին, չնայած իրենք շատ առողջ են մեծացել և ունեն առողջ երեխաներ: Իրականում այդ հակապատվաստումային շարժումն ամբողջ աշխարհում է թափ ստացել, որի պատճառով և հետևանքով Եվրոպայում, օրինակ, կարմրուկից մեծ թվով մահացության դեպքեր են գրանցվում»,- ասաց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանը:
Բժիշկը համաձայն չէ ժողովրդի մեջ տարածված այն կարծիքի հետ, որ ձյուն չլինելու պատճառով տարատեսակ վարակիչ հիվանդություններն ակտիվանում են, ըստ նրա՝ ցուրտ եղանակի բացակայության պայմաններում էլ նվազում է մրսելու հավանականությունը: