Իշխանությունները «Սորոսին» գերադասո՞ւմ են եկեղեցուց
Եկեղեցական և քաղաքական իշխանությունների փոխհարաբերություններն իրենց պատմական ուրույն ընթացքն են ունեցել տարբեր ժողովուրդների մոտ և տարբեր երկրներում: Այդ հարաբերությունների բնույթն ու ձևերը սերտորեն առնչված են եղել տվյալ երկրի սոցիալ-քաղաքական ու տնտեսական-մշակութային կյանքին և հետևել են այդ կյանքի զարգացման գործընթացին:
Եկեղեցի-պետություն հարաբերությունների թեման սոսկ տնտեսական ու վերացական չէ, այլ` մասնավոր ու շոշափելի: Քանիցս է խոսվել այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունների թիրախում հայտնվեցին հայ ժողովրդի հավաքականությունն ու արժեհամակարգերը պահպանող կառույցները՝ եկեղեցին, բանակն ու ընտանիքը։
Հայ Առաքելական եկեղեցու կազմաքանդմանը և թուլացմանն ուղղված գործողություններն աչքի ընկան իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ բացահայտ սկսեցին գրոհներ կազմակերպել Վեհարանի ոււ Վեհափառի նկատմամբ։ Թերևս, արդեն ապացուցման կարիք չունի, որ թիրախավորված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որի առանձին հոգևորականների բացասական վարքագիծը և որոշ հարցերում սխալ քաղաքականությունը վերագրվում է ողջ կառույցին: Քրիստոնեական արժեքները պիտակավորվում են՝ որպես մարդու ազատությունները սահմանափակող, ստրկացնող և արդիականությունը կորցրած հասկացություններ: Շահարկվում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող, իրարից տարբեր դավանանք ունեցող, հատկապես՝ իսլամացած հայերի՝ եկեղեցու կողմից «մերժված» լինելու փաստը: Եվ հարկ է նշել, որ քրիստոնեությանը և եկեղեցուն դեմ արտահայտվող կազմակերպությունները և անհատները հիմնականում ձեռնպահ են մնում աղանդների վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց:
Խոսելով ՀՀ գործող իշխանության հակաեկեղեցական և հակաքրիստոնեական մոտեցումների մասին, անհնար է շրջանցել այն ֆեյք օրակարգերը, որոնք բերվեցին հանրային դաշտ՝ անվերապահորեն ունենալով բարձրագույն իշխանության հովանավորությունը։ Այն փաստը, որ 2019-ին BBC-ի ռուսական գրասենյակը, որն առաջին հերթին սպասարկում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության և թագուհու քաղաքականությունը, հրապարակել էր մի տեսանյութ՝ բացահայտ ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն, և հանգամանալից ներկայացվեց նախկին աբեղա հայր Կորյունի՝ Արմեն Առաքելյանի խոսքը, վկայում էր այն մասին, որ սա պետական «դաբրոյով» արված աշխատանք էր։ Հիշյալ «գծի» մեջ են հնչում նաև այն թեզերը, թե իբր որոշ «եկեղեցու նվիրյալներ» պատրաստ են փոխել եկեղեցական այն կանոնները, որոնք այսօր գործում են, ինչպես նաև ստեղծելու են եկեղեցուն այլընտրանքային կառույց․ այստեղ պետք է ամրագրենք, որ եկեղեցուն զուգահեռ գոյություն ունեցող այլընտրանքները սովորաբար լինում են աղանդների տեսքով։ Այսօր հայտնի դարձավ, որ Էջմիածնի տաճարը տևական ժամանակ վերանորոգման մեջ է, իսկ ներկա փուլում շինաշխատանքները կաթվածահար են, քանի որ կառավարությունը ձգձգում է՝ որպես մշակութային օբյեկտ, տաճարում կատարվող աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշումը։
Եվ սա՝ այն դեպքում, երբ նախօրեին հայտնի դարձավ, որ 2019-ի մարտին Տիգրան Ավինյանի ղեկավարած հանձնաժողովը «բարեգործական» էր ճանաչել, այսպես կոչված, «Սորոսի» հիմնադրամի բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի, և հարկերից ազատել նրա հետ համագործակցող կազմակերպություններին, այդ թվում՝ նաև լրատվամիջոցների։
Սա նշանակում է, որ իշխանությունը բացահայտ կերպով աջակցություն է ցուցաբերում ու հովանավորում է այդ հիմնադրամին՝ միաժամանակ հետին պլան մղելով երկրի առանցքային հիմնասյունը հանդիսացող եկեղեցու Մայր տաճարի շինաշխատանքները։ Եվ սա տեղի է ունենում այն պետության ներսում, որն առաջինն է աշխարհում որպես պետական կրոն ընդունել քրիստոնեությունը, նման նվեր աղանդավորական աշխարհին երբեք ոչ ոք չէր էլ պատկերացնի, այնինչ այսօր այս ամենը տեղի է ունենում պետական մակարդակով։
Աներկբա է, որ հոգևորականները կարևոր դերակատարություն ունեն հասարակության կրթական դաստիարակության և բարոյահոգեբանական զարգացումն ապահովելու գործում: Եկեղեցու և հոգևոր դասի անմիջական մասնակցությունը մեծ է նաև բանակում` հատկապես մարտական ոգին բարձր պահելու համար:
Անկախ այն հանգամանքից, թե հասարակությունն ինչ կարծիք ունի հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, եկեղեցու դերը պետք է ամբողջական գաղափարի մեջ դիտել` որպես մեկ ընդհանուր ինստիտուտ, այլապես եկեղեցու իրական մատուցած ծառայությունն ու բուն առաքելությունն իր իրական էֆեկտիվությունը կկորցնի:
Արմեն Հովասափյան