Բաժիններ՝

Քննիչի աշխատասենյակում վարչապետի սելֆին պետք է կցվի հարցաքննության արձանագրությանը. սահմանադրագետ. «Փաստինֆո»

Ակնհայտորեն բավականին երկարացվել է ժամկետը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով հայտնի գաղտնալսումների գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը։ Նշենք, որ գաղտնալսումների դեպքի առթիվ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործով, որտեղ ուղղակի շոշափվում է վարչապետ Փաշինյանի անունը, միայն այսօր՝ 2020 թվականի հունվարի 15-ին տեղի է ունեցել նրա հարցաքննությունը։

Դիտարկմանը՝ արդյոք չեն խախտվել նախաքննության ողջամիտ ժամկետները (ՔԴՕ-ն սահմանում է երկու ամիս, որից հետո այն երկարացվում է դատախազի որոշմամբ.- խմբ)՝ Գոհար Մելոյանը նկատել է՝ ըստ էության կոնկրետ ժամկետային սահմանափակումներ չկան. «Դատավարական, նախաքննական գործընթաց է և երբեմն անգամ տարիներ են տևում։ Սակայն այս դեպքում որոշակիորեն տարակուսելի է, որովհետև ակնհայտ իրավիճակ է, գոնե հարցաքննությունը որպես դատավարական գործողություն, որպես քննչական գործողություն այսքան երկար սպասեցնել չպետք է տար»,- նշել է Գոհար Մելոյանը՝ ընդգծելով՝ անցել է 1 տարուց ավել ժամանակահատված, բայց նոր առաջին քայլերն են իրականացվում։ Այնուամենայնիվ սահմանադրագետը խորհուրդ է տալիս հետևել հետագա զարգացումներին և հասկանալ՝ ինչու է հենց այս փուլում տեղի ունենում տվյալ իրադարձությունների հետ կապված քննչական գործողությունների ակտիվ իրականացումը. «Ակնհայտորեն սրան նախորդող իրադարձությունները կապված են ԱԱԾ նախկին ղեկավարի հետ, հնարավոր է ուղղակիորեն առնչվում են այդ դրվագներին։ Հնարավոր է՝ քաղաքական որոշակի երանգներ էլ ունի։ Պետք է սպասել»,-նշել է սահմանադրագետը։

Վերջինս անդրադարձել է նաև վարչապետի առավոտյան տեղադրած լուսանկարին, որն արված էր հենց քննչական գործողությունների ժամանակ։ Սահմանադրագետի խոսքով՝ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է կարգավորումներ, որ դատավարական գործողության, այդ թվում հարցաքննության ընթացքում հնարավոր լինի իրականացնել լուսանկարահանում կամ տեսաձայնագրություն.

«Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են պահանջները այն իրականացնելու հետ կապված։ Նախ` պետք է լինի քննիչի համապատասխան որոշում, երկրորդ՝ պետք է տվյալ լուսանկարահանումն իրականացնել քրեական դատավարական օրենսգրքով սահմանված կարգով և երրորդ՝ արդյունքում լուսանկարը պետք է կցվի տվյալ քննչական գործողության արձանագրությանը։ Եթե այս բոլոր պահանջները պահպանվել են, որևէ խնդիր չի կարող առաջանալ, սակայն եթե սա զուտ սելֆի էր առանց որևէ քննչական գործողության, իրավակարգավորումների հետ առնչվող և առանց դրանց պահպանման, կարելի է նախ դատավարական ընթացակարգային խախտում որակել, բացի այդ նաև որակել բացասական նախադեպի ստեղծման նախադրյալ։ Հնարավոր է՝ վարչապետի գործողությանը հաջորդեն մի շարք քաղաքացիների կողմից ևս առանց քննիչի համաձայնության տվյալ քննչական գործողության համատեքստում տեսանկարահանման կամ տեսաձայնագրության իրականացման փաստեր»,-հավելել է Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս