Ծննդատների փակումից պետությունը չի շահելու. Դա բացասաբար է անդրադառնալու և՛ գործազուրկ դառնալու վտանգի տակ գտնվող մասնագետների, և՛ նրանց ծառայություններից օգտվող հղիների ու նրանց ընտանիքի անդամների վրա
Հավանաբար իշխանությունները որոշեցին վերադառնալ դեռևս նախորդ տարվա սկզբում որդեգրած մոտեցմանը՝ ազատվել «հավելյալ արդյունք չստեղծող» աշխատողներից։
Այսպիսի ձևակերպում էր արված փոխվարչապետի և ֆինանսների նախարարի միջև եղած գրագրությունում: Եթե անգամ տուժում են հավելյալ արժեք չստեղծող ՀՀ տասը հազար քաղաքացի, այսինքն` զրկվում են աշխատանքից, և դառնում են գործազուրկ` դրանից շահում է պետությունը։
Բայց ծննդատների փակումից պետությունը չի շահելու։ Դա բացասաբար է անդրադառնալու և գործազուրկ դառնալու վտանգի տակ գտնվող մասնագետների, և նրանց ծառայություններից օգտվող հղիների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Սրանք այն մարդիկ են, ում հանդեպ իշխանությունները ստանձնել են պարտավորություններ, հատկապես, երբ վերջիններիս հավաստիացրեցին, որ նրանք են այս երկրի տերը: Պարզապես ստացվում է այնպես, որ նրանք ոչ միայն երկրի, այլև իրենց համայնքի տերը չեն։
Հայաստանի մի շարք փոքր քաղաքների, ավանների և գյուղերի ծննդատներ փակելու հարցում առողջապահության նախարարությունը կարծես թե հաստատուն է։
Ցավալի է, որ նախարարը ծննդատների զարգացման խնդրին վերաբերում է զուտ արդյունավետության տեսանկյունից։ Հավանաբար պակասում է պետական մտածողությունը, երբ անտեսվում է ծննդատների ռազմավարական նշանակությունը։ Զուտ ծնունդների հաշվարկով առաջնորդվելը նշանակում է անտեսել պետության անվտանգությունը, նշանակում է անտեսել համայնքների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, անտեսել փոքր համայնքների բնակիչների կարիքներն ու խնդիրները։
Շատ ափսոս, որ ծննդատները փակելու որոշումը պայմանավորվում է տարեկան 150 ծննդից պակաս ընդունելու հանգամանքով, սակայն չի հաշվարկվում, թե համայքը քանի մասնագետից է զրկվելու, քանիսն են գործազուրկ դառնալու, քանիսն են ժամանակի ընթացքում արտագաղթելու առանց այդ էլ օրեցօր դատարկվող համայնքներից։
Հավանաբար, նախարարությունը կամ անձամբ նախարարը նման որոշում չէին կայացնի, եթե Հայաստանում գործեին անկախ բժշկական արհմիություններ, որոնք կստանձնեին ոլորտում որոշումների կայացման մեջ «զսպողի» ֆունկցիան։ Արդյունքում, նմանատիպ որոշումներ կայացնելուց առաջ պետական սեկտրում մի քիչ ավելի երկար կմտածեին, կհաշվարկեին, կքննարկեին։
Ի վերջո, բողոքների ու ցույցերի արդյունքում գոնե երկու համայնքների մասով նախարարությունը փոխեց ծննդատների փակման՝ նախապես կայացված որոշումը, սակայն վաղը կարող են լինել այլ՝ շատ ավելի վտանգավոր կամ «խորը չմտածված» որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն՝ լուրջ դիմադրության չհանդիպելով։ Էլ չենք խոսում մնացած ծննդատների մասին, որոնք այնուամենայնիվ փակվում են։ Եվ այստեղ է իրական, անկախ ոլորտային արհմիությունների դերն ու նշանակությունը։
Վիգեն Երեմյան
«Իմ Ձայնը» նախագիծ