Բաժիններ՝

Եթե անասթեզիոլոգի հաստիք բացեն՝ մասնագետը կգա, կաշխատի. Աչաջուրում դեմ են ծննդատան փակմանն ու լուծումներ են առաջարկում

Առողջապահության նախարարությունն առանց մեզ տեղյակ պահելու որոշում է կայացրել դադարեցնել Աչաջուր գյուղի հիվանդանոցի ծննդատան և բուժական բաժնի ֆինանսավորումը:

Խնդրի հետ կապված այսօր համայնքի ղեկավարը, բժիշկները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին:

Աչաջուրի համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարզպետը հանդիպելու է Առողջապահության նախարարին, որպեսզի քննարկեն ստեղծված իրավիճակը:

«Եթե ասում են, որ ծննդատանը անասթեզիոլոգ չկա, սարքավորումներ չկան, ուստի ծննդատունը չի կարող աշխատել, մենք էլ ասում ենք՝ չի կարող, բերեք այդ ամեն ինչով հագեցրեք: Եթե, ասենք, անասթեզիոլոգի հաստիք բացեն, մասնագետը կգա, կաշխատի: Բայց պետք է ֆինանսավորեն, որ բժիշկը կարողանա աշխատավարձ ստանալ»,- ասաց Կարեն Ղալթախչյանը:

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ 9 հոգի կանգնած է աշխատանքը կորցնելու առջև:

Խնդրի հետ կապված խմբագրություն էր զանգահարել ՀՀ քաղաքացիներից Լևոն Մուրադյանը՝ նշելով, որ այս հարցն իրեն շատ է անհանգստացնում:

«Իմ կինը վատ էր զգացել Աչաջուրում, ու մենք տեսել ենք բժիշկների վերաբերմունքը, հոգատարությունը: Ունեն մի բժիշկ-գինեկոլոգ, որ ցանկացած հիվանդանոց կերազեր ունենալ: Ի դեպ, նրան այլ հիվանդանոցներից աշխատանքի շատ առաջարկներ են արել, բայց չի գնացել: Այդ գյուղի բնակիչ է»,- ընդգծեց Լևոն Մուրադյանը:

Համայնքի բնակիչներից մեկն էր ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մոտ 5000 բնակիչ ունեցող գյուղը կաթվածահար է լինում և զօր ու գիշեր, թե՛ մեր և թե՛ մոտակա գյուղերի հիվանդների առողջության համար ոչինչ չխնայող, իր գործին անմնացորդ նվիրված բժիշկ Կորյուն Վարդապետյանն այլևս տարեկան մոտ 130 լույս աշխարհ եկող երեխայի չի օգնելու, այդքան մայրիկների չի երջանկացնելու, իսկ մենք ամեն փոքր բանի համար, գործը թողած՝ գնալու ենք Իջևանի համապատասխան բաժանմունք։ Եկե՛ք թույլ չտանք, որ մեր ծննդատունը փակվի։ Բոլորս պայքարենք հանուն արդարության, հանուն մեր երեխաների ու ժողովրդի ապագայի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս