«Նիկոլի գործերն անքննելի են», կամ՝ finita la comedia
Հայտնի հռոմեական միտքը, որն այսօր դարձել է հայաստանյան իրականության դասական արտապատկերումը, վերջին երկու տարվա ընթացքում ապացուցում է իր ճշմարտացիությունը․ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ ժողովրդին պետք են միայն հաց և տեսարաններ։ Թե ինչքանով է իշխանությունը պահպանելու հարցում գործող իշխանություններին օգնում տարբեր քաղաքական գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնելու գործընթացը՝ դժվար է ասել, սակայն այն հանգամանքը, որ այսօր Հայաստանում իշխանության վարկանիշը գահավիժում է՝ ազատ անկման արագությանը մի քանի անգամ գերազանցելով՝ ապացուցման կարիք չունի։
Նիկոլ Փաշինյանը, ինչպես բոլոր իշխանությունները, իշխանության գալուց հետո հենց առաջին իսկ օրվանից փորձում է պահպանել իր աթոռը։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց՝ ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Հայտնի է նաև, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը: Նաև հայտնի դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու համար, իսկ գործն ուղարկել է դատարան:
Ըստ էության՝ ստացվում է, որ ՀՀ երրորդ նախագահի դեմ «կարված» գործն առաջիկայում կքննվի դատարանում, այսինքն՝ մենք դատարանում կտեսնենք ևս մեկ նախագահ, ով, ինչպես շատերն են պնդում, այդ թվում՝ նրա փաստաբանը, ենթարկվում է բացահայտ քաղաքական հետապնդման։ Փաստացի Ն. Փաշինյանը, ով իշխափոխության օրերին պնդում էր, թե վենդետաներ ու քաղաքական հետապնդումներ չեն լինելու, հերթական անգամ ապացուցում է, որ իր հայտարարությունները, մեղմ ասած, ճիշտ չէին։
Հանուն արդարության պետք է փաստենք, որ դեռևս Փաշինյանի իշխանության մեկնարկին նման քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները հանրության մոտ թողնում էին բավականին լուրջ տպավորություն և արժանանում էին համապատասխան ռեակցիայի, ինչի մասին այսօր նույնն ասել չենք կարող: Հասարակությունը նման գործընթացների նկատմամբ նույնպես ձեռք է բերել քաղաքական իմունիտետ։
Այս գործընթացը գենետիկայի ու ռեֆլեքսի տեսության գլխավոր բաղադրիչներից մեկն է, որը, ըստ էության, վարչապետի խորհրդատուներն ու PR-շիկները հաշվի չեն առել, կամ ուղղակի բաց են թողել։
Սարգսյանի նկատմամբ քրգործին նման բուռն և արագ ընթացք տալը, ըստ էության, կապված է վերջին շրջանում Երրորդ նախագահի քաղաքական ակտիվությամբ և ՀՀ իշխանությունների նկատմամբ հնչեցված բովանդակային ու խորքային քննադատությամբ, ինչը Ն. Փաշինյանը բավականին ցավով է ընդունում։
Այս գործընթացի նպատակն է՝ լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում՝ բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում, այս պնդումը փաստացի ապացուցվում է Սարգսյանի զագրեբյան ելույթի վերաբերյալ հայկական լրատվամիջոցներում բարձրացված աղմուկով։ Փաստացի Փաշինյանը, ով ամբողջությամբ ձախողել է պետության կառավարումը և փակուղի մտցրել Արցախի բանակցային գործընթացը, այսօր գտնվում է ցուգցվանգի մեջ և անհասկանալի ու անհեռատես քայլերի շղթայով փորձում է որոշակի ժամանակ ձգել՝ այս կամ այն կերպ հանրային ուշադրությունը ցրելու և ժողովրդի ուշադրությունը տարբեր թեմաների վրա գեներացնելու միջոցով։
Ակնհայտ է, որ ներկա փակուղային դրությունը երկար շարունակվել չի կարող, և հանրային գիտակից սեկտորը փորձելու է պարզաբանումներ և հստակեցումներ պահանջել Փաշինյանից, ինչն էլ կհանդիսանա նրա քաղաքական արկածախնդրության վերջին արարը, կամ, այլ կերպ ասած՝ fenita la comedia:
Մոտ երկու տարի ղեկավարելով երկիրը՝ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ ընկալել, թե ինչ է պետությունն ու պետական շահը, և իր յուրաքանչյուր ձախողման ու անհաջողության համար շարունակում է փնտրել մեղավորներ:
Արմեն Հովասափյան