Բաժիններ՝

Ամերիկացիների 52 տոկոսի կարծիքով՝ Սոլեյմանիի սպանությունը թուլացրել է ԱՄՆ-ի անվտանգությունը

Հարցման մասնակից ամերիկացիների 52 տոկոսն այն կարծիքին է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հանգեցրել է ԱՄՆ-ի անվտանգության թուլացման: Այդ մասին վկայում են ABC հեռուստաալիքի՝ Ipsos ծառայության հետ համատեղ անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունվարի 12-ին։

Հարցախույզի մասնակիցներին հարցրել են, թե ԱՄՆ-ի համար ինչպես է փոխվել անվտանգության ոլորտի իրադրությունը՝ կապված Իրաքում ամերիկյան ուժերի կողմից հասցված հարվածի հետ, որի հետեւանքով զոհվել է Սոլեյմանին: Հետազոտության մասնակիցների 52 տոկոսն ասել է, որ ԱՄՆ-ի համար վտանգը մեծացել է: Հակառակ կարծիքն է հայտնել 25 տոկոսը: Հարցվածների 22 տոկոսի տեսակետով՝ իրադրությունն այդ ոլորտում չի փոխվել: Մնացածները պատասխան չեն տվել:

Ուսումնասիրության մասնակիցներին նաեւ հարցրել են, թե նրանք հավանություն տալիս են արդյոք այն միջոցներին, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնարկում է Իրանի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: 43 տոկոսը դրական պատասխան է տվել, 56 տոկոսը՝ բացասական:

Հարցվածների 73 տոկոսը խոստովանել է, որ այս կամ այն չափով մտահոգություն ունի ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմի սկսվելու հնարավորության կապակցությամբ: Մասնակիցների 27 տոկոսը նշել է, որ դա իրենց գրեթե կամ ամենեւին չի անհանգստացնում:

Հարցումն ամբողջ երկրում հեռախոսով անցկացվել է հունվարի 10-ից մինչեւ 11-ն ընկած ժամանակամիջոցում: Դրան մասնակցել են չափահաս տարիքի 525 ամերիկացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս