
«Եթե «սյուրպրիզներ» չլինեն՝ աշխատանքներն արագ կավարտենք». Գլխավոր ինժեները՝ Երևանի կրկեսի շենքի մասին

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը հուսով է, որ գոնե մինչև տարվա վերջ կրկեսն իր դռները կբացի այցելուների առջև։
«Իմ ունեցած բոլոր տվյալներով՝ պետք է կրկեսի շենքի շինաշխատանքներն ավարտվեն տարվա վերջին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը։
Կրկեսի գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում դժվարացավ ասել, թե կոնկրետ շենքի շինաշխատանքները երբ կավարտվեն, քանի որ այս պահին շարունակվում է վերանորոգումը։
«Շինաշխատանքները նորմալ ընթացքով առաջ են գնում, աշխատում ենք ամեն ինչ հնարավորինս արագ անել։ Ժամկետների հետ կապված հարցին չեմ ուզում պատասխանել, մեզ ասել են, որ շենքի աշխատանքները պետք է արագ ավարտենք ու հանձնենք, այդ ուղղությամբ էլ հիմա աշխատում ենք»,- տեղեկացրեց գլխավոր ինժեները։
Նա նաև ընդգծեց, որ իրականացնում են ներքին հարդարման աշխատանքները, պատվիրել են բազմաթիվ սարքավորումներ, որոնք պետք է բերեն ու տեղադրեն։
«Եթե ժամկետներ նշեմ, գուցե սխալվեմ, բայց կարևորը՝ աշխատանքներն ընթացքի մեջ են, և ամեն ինչ նորմալ է, հուսախաբ չենք անելու որևէ մեկին։ Սա միայն մեզանից չի կախված, որ ասենք՝ մնացել է հատակը սարքենք ու հանձնենք, դրսի հետ էլ ունենք պայմանավորվածություններ, և հնարավոր է՝ ինչ-որ բան մեր ուզածով չգնա, ու մեր նշած ժամկետի առումով սխալվենք։ Այսինքն, եթե «սյուրպրիզներ» չլինեն` աշխատանքներն արագ կավարտենք, նկատի ունեմ տեխնիկական հարցերը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի կրկեսի նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2011 թվականի օգոստոսից, նախագծի հեղինակը ճարտարապետ Վահագն Վերմիշյանն է, նոր շենքն ունենալու է 8 հարկ։