«Առաջին ատյանի դատարանը անտեսել է Սահմանադրական դատարանի որոշման պահանջները». Սերժ Սարգսյանի պաշտպան
Հայտնի է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպաններն Առաջին ատյանի դատարան բողոք էին ներկայացրել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության պայմաններում քրեական հետապնդում հարուցելու հարցի իրավաչափության վերաբերյալ:
168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին հարցրեց, թե ի՞նչ փուլում է գտնվում բողոքի քննությունը:
«Դատարանը մերժել է քննել մեր բողոքը` պատճառաբանելով, որ այդ հարցի քննարկումն ընդհանրապես այս փուլում դատական վերահսկողության տիրույթից դուրս է: Բայց դատարանն այստեղ, մեր կարծիքով, դատական սխալ է թույլ տվել»,-ասաց Ամրամ Մակինյանը` հավելելով, որ իրենք արդեն իսկ Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել, քանի որ 2019թ. Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշում է կայացրել, որ թեև դատարանները չեն քննում մեղադրանքի հիմնավորվածության հարցը, նրանք պարտավոր են անդրադառնալ մեղադրանքի օրինականության հարցին:
Պաշտպանի պնդմամբ` այն հիմքով, որով իրենք վիճարկում են արարքի հանցավորությունը բացառող հանգամանքի հարցը, որ փաստարկել են, որ նախագահն օգտվում է քրեական հետապնդման անձեռնմխելիությունից, իսկ դա արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է, Առաջին ատյանի դատարանը Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո պարտավոր էր թե՛ քննել և թե՛ որոշում կայացնել, որ ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ չի հաղթահարվել անձեռնմխելիության խոչընդոտը:
«Դատարանն ընդհանրապես այս գործով կրավորական կեցվածք է ցուցաբերել, առհասարակ չի մտել քննարկման դաշտ, չի անդրադարձել մեր կողմից ներկայացված փաստարկներին, այլ փաստելով, որ քննարկվող հարցը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտից այս փուլում, ընդհանրապես ձեռնպահ է մնացել այս հարցը քննարկելուց»,-ասաց Ամրամ Մակինյանը:
Վերջինս նշում է՝ ՍԴ-ն ասում է, որ եթե կան այն հիմքերը, որ այստեղ կարող է քննարկվել մեղադրանքի օրինականության հարցը, ապա դատարանը պարտավոր է այդ հարցին անդրադառնալ:
Մեր դիտարկմանը, թե ըստ էության ստացվում է այնպես, որ դատարանը ՍԴ որոշման պահանջներն է անտեսում, Ամրամ Մակինյանը հաստատական պատասխան տվեց` հավելելով, որ ՍԴ-ն շատ ավելի ուշ է կայացրել այդ որոշումը, քան Վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնց վրա ինքը հղում է կատարում:
«Այսինքն` իրավունքը զարգացել է, ՍԴ-ն գրել է, որ դատարանները պարտավոր են այդ հարցին անդրադառնալ, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը վերջին բարձրագույն դատական ատյանի որոշում է»,- եզրափակեց Ամրամ Մակինյանը: