«Հայաստանում և Արցախում մեկ բան պետք է գիտակցեն, որ Արցախն ընտրում է ոչ թե նախագահ, այլ ռազմաճակատի հրամանատար». քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ իշխանությունների քաղաքականություն վարելու ոճը, այն է՝ մարդկանց սևերի ու սպիտակների, յուրայիների և օտարների բաժանելը, չի փոխվել։ Ըստ նրա՝ այս մասին է վկայում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի կալանավորումը, ինչը վկայում է նաև այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվել «ՍԴ-ն գրպանային դատարան» դարձնելու որոշումից: Ավելին, նրա խոսքով՝ այս ամենը հուշում է այն մասին, որ այս տարի ՍԴ անդամների վրա ճնշումը ևս շարունակվելու է։
«Այս տարվա կարևորագույն հարցերից մեկը, որը կազդի ներքաղաքական զարգացումների վրա, գարնանն Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններն են։ Վարչապետն ուղղակի կամ անուղղակի փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ընտրությունները տեսքով լինեն ժողովրդավարական, սակայն այնտեղ շարունակվի իր իշխանության մասնաճյուղը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգը՝ անդրադառնալով այս տարվա քաղաքական հնարավոր զարգացումներին։
Ըստ նրա, այս ամենը հաշվի առնելով՝ պետք է Հայաստանում և Արցախում մեկ բան գիտակցեն, որ Արցախն ընտրում է ոչ թե նախագահ, այլ ռազմաճակատի հրամանատար, որից շատ բան է կախված։
«Այս պահին մենք դեռ չենք նկատում երկրի զարգացման վեկտորը, թե ի վերջո այս իշխանությունն ինչ երկիր է ցանկանում տեսնել 2-3 կամ 5 տարի հետո։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մոտ բացակայում է մեկ շատ կարևոր հանգամանք՝ որակյալ աշխատանք, ինչը 30 տարի շարունակ բացակայում է ՀՀ ընդդիմադիր բոլոր ուժերի մոտ։ Միայն քննադատելը արդյունք չի տալիս, սա պետք է ֆիքսեն»,- ընդգծեց նա։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը բավականին զգուշ է գործում և իրարամերժ։
«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մե՛կ հանդես է գալիս բավականին արմատական դիրքերից, կոշտ պայքար ու հռետորաբանություն է սկսում, մե՛կ այնպիսի օրինագծեր է բերում խորհրդարան, որոնք երբեմն կասկածներ են առաջացնում, որ դրանք հենց այն քայլերն են, որոնք իշխանությունը չի ցանկանում վերցնել իր վրա և դրանք փոխանցում է տիտուլային ընդդիմությանը։ Նույնը վերաբերում է նաև ԲՀԿ-ին, որը որոշակի կաշկանդվածություն ունի, ինչը կապված է լինում բիզնեսային որոշակի հետաքրքրությունների հետ։ Այդուհանդերձ ԲՀԿ-ն գտել է, այսպես ասած, իր թեմաները, որով երևում է ընդդիմադիր դաշտում՝ ԼԳԲՏ համայնքի, տնտեսական ոլորտի հետ կապված հարցերն են։ Բայց պետք է փաստենք, որ գոնե մարզերում այս քաղաքական ուժի լիդերն ունի որոշակի վարկանիշ»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը։