ՀԱԿ անդամները՝ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին
Ինչպես հայտնի է՝ հունվարի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Կարապետյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։
Հաշվի առնելով Վլադիմիր Կարապետյանի՝ տևական ժամանակ ՀԱԿ անդամ լինելու հանգամանքը՝ ՀԱԿ անդամներից փորձեցինք պարզել՝արդյոք կուսակցությունում քննարկվե՞լ է Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու փաստը, և ի՞նչ կարծիք ունեն նրանք այդ ազատման վերաբերյալ։
168.am-ի հարցերին ի պատասխան՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց.
«Ոչնչից տեղյակ չեմ, տեղյակ չեմ վարչապետի խոսնակի աշխատանքից ազատվելու պատճառների մասին։ Որևէ մեկնաբանություն անելու համար նախ պետք է նրա ազատման պատճառներին ծանոթանամ, իսկ Վլադիմիր Կարապետյանի հետ այդ թեմայով դեռևս խոսակցություն չեմ ունեցել»։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ ասաց, որ Վլադիմիր Կարապետյանի հետ դեռ որևէ խոսակցություն չի ունեցել և չի կարող հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը նշեց, որ Վլադիմիր Կարապետյանին խոսնակի պաշտոնից ազատ արձակելու մասին ունի այնքան տեղեկատվություն, որքան լրագրողները։
«Այս պահին որևէ տեղեկատվություն չունեմ, բացի իր հրապարակումից, որքան դուք եք տեղյակ, այնքան էլ՝ ես»,- ասաց նա։
Արդյոք ՀԱԿ-ում Վլադիմիր Կարապետյանի ազատման թեմայով քննարկում եղե՞լ է. այս հարցին էլ Մուսինյանը պատասխանեց. «Մենք երեկ նշել ենք նախագահի ծնունդը. այսքան բան»։
Նկատենք, որ Վլադիմիր Կարապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ մամուլում շրջանառվում են տարբեր վարկածներ։
Վարկածներից մեկի համաձայն՝ Կարապետյանն աշխատանքից ազատվել է ինֆորմացիաներ տանել-բերելու պատճառով, ինչն էլ դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին: Մեկ այլ վարկածով էլ՝ ազատ արձակման պատճառն Ամանորին Հ1-ում ՀՀ պետական օրհներգը չհնչեցնելն է, որը կապվում է Կարապետյանի պարտականությունների թերացման հետ։
Հավելենք, որ Վլադիմիր Կարապետյանից վարկածներից որևէ մեկը ճշտել չի հաջողվում. նա հեռախոսազանգերին չի պատասխանում։