Հրդեհ «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն»-ում․ իրականացվել է տարհանում
Հունվարի 10-ին՝ ժամը 05:39-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող Վերականգնողական կենտրոնում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամերիկյան փողոցի թիվ 109 հասցեում գտնվող «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի երրորդ մասնաշենքի 1-ին հարկի ննջասենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:57-ին, մարվել՝ 06:15-ին: Ամբողջությամբ ծխահարվել է ննջասենյակը (մոտ 12 քմ) և մասամբ այրվել՝ գույքը:
Տարհանվել են 2 աշխատակից և 10 երեխա. Ռոման Է.-ին (ծնված 1997 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: