Բաժիններ՝

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած բոլոր անձինք դադարեցրել են ակցիան

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած բոլոր անձինք դադարեցրել են ակցիան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Հունվարի 8-ին զանգվածային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող 8 անձանց կողմից հացադուլ հայտարարելու մասին:

Նույն օրը Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի կողմից տրվել է պարզաբանում, որ իրականում հացադուլ են հայտարարած եղել 6 անձ, որոնք բոլորն էլ դադարեցրել են հացադուլը:

Չնայած ներկայացված պարզաբանմանը` հունվարի 9-ին որոշ լրատվամիջոցներ շարունակում են տարածել ապատեղեկատվություն ազատությունից զրկված այդ անձանց կողմից հացադուլը շարունակելու վերաբերյալ:

Կարևորելով ճշգրտված տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը` Քրեակատարողական ծառայությունը մեկ անգամ ևս իրազեկում է, որ այսօրվա դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձինք չկան»,- գրել է Նավիկյանը:

ՔԾ հանրային կապերի բաժնի պետը հավելել է, որ քրեակատարողական ծառայությունը մշտապես պատրաստակամ է տրամադրել հավաստի տեղեկատվություն, հետևաբար հորդորում է զանգվածային լրատվության միջոցներով տարածվող լուրերի իսկությունը նախապես ճշտել հանրային կապերի բաժնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս