Հրապարակվել է ամենաբարձր հոնորարներն ստացած կինոաստղերի ցուցակը
Հայտնի է դարձել, թե արտասահմանյան աստղերից ով է իր դերերի համար առավել մեծ գումարն ստացել: Ամենաբարձր հոնորարներով կինոաստղերի ցուցակը հրապարակված է Just Jared կայքում։
Վարկանիշի առաջատարը դարձել Քիանու Ռիվզը, որը «Մատրիցա» եռերգության շնորհիվ վաստակել է 250 մլն դոլար: Երկրորդ տեղում հայտնվել է Բրյուս Ուիլիսը, որի շահույթը «Վեցերորդ զգայարան» կինոնկարի թողարկվելուց հետո կազմել է 120 մլն դոլար: Երրորդ դիրքում Թոմ Քրուզն է, որին «Աշխարհների պատերազմը» կինոժապավենը բերել է 100 մլն դոլար: Համանման գումար Ուիլ Սմիթը վաստակել է «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների շնորհիվ: Թոմ Քրուզը նշվել է նաեւ հինգերորդ դիրքում: Ճշտվում է, որ «Առաքելությունն անիրագործելի է. արձանագրություն Ֆանտոմ» նախագիծը նրան թույլ է տվել վաստակել 75 մլն դոլար:
Վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականներում Ռոբերտ Դաունի-կրտսերն է, որը նույնպես 75-ական մլն դոլար է ստացել «Վրիժառուները. ֆինալ», «Վրիժառուները. անվերջության պատերազմ» եւ «Երկաթե մարդ 3» բլոքբասթերների համար: Իններորդ դիրքն զբաղեցրել է Սանդրա Բուլոքը, որը 70 մլն դոլար է ստացել «Գրավիտացիա» ժապավենի համար: Տասնյակը եզրափակել է Թոմ Քրուզը՝ «Առաքելությունն անիրագործելի է» կինոնկարում խաղացած դերով եւ 70 մլն դոլար վաստակով: