ՔԿՀ-ներում Ամանորի նախօրեին կանխվել են թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման բազմաթիվ փորձեր
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել Վաղարշապատի բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ա․ Ս․-ին։ Վերջինիս մոտից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված փաթեթ՝ 50 գրամ քաշով, որի մեջ առանձնացված առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին։
Նույն օրը՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակի ծառայողը նկատել է արտանետման փորձ կատարելու նպատակով հիմնարկին մոտեցող անձի։ Անմիջապես ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են վերջինիս հետագա գործողությունները, և ահազանգվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին։ ՔԿՀ աշխատակիցների կողմից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նշված անձի կողմից թողնված երկու փաթեթ, իսկ նրա անձնական խուզարկությամբ՝ մեկ փաթեթ։ Փաթեթներում առկա են եղել 17 բջջային հեռախոս, 2 մարտկոց և առանց գործարանային փաթեթավորման և մակնշման թվով 1615 սպիտակ դեղահաբ։
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, ներնետում է կատարվել ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք։ Դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած ծառայողների կողմից հայտնաբերվել է 200,8 գր ընդհանուր քաշով, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։
Հայտնաբերվածում ծանրությունն ապահովելու համար առկա են եղել 3 պտուտակ, 4 պնդօղակ և ուղղանկյունաձև մետաղի կտոր, իսկ պարունակությունը բաղկացած է եղել անհիդրիդ հիշեցնող 0,5 մլգ հեղուկով լի 6 մլ տարողությամբ ներարկիչից, 0,5 գրամ ընդհանուր քաշով, ափիոնանման զանգվածից, ինչպես նաև բժշկական ռետինե ձեռնոցից կտրած երկու մատերի մեջ լցված, 2,5 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածից։
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Բացի այդ՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Կոշ», «Վանաձոր», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով իրականացվել են նախատեսված, ինչպես նաև չնախատեսված խուզարկություններ։
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 3 ականջակալ, հեռախոսի 3 բաժանորդային քարտ, 47 կտրող-ծակող առարկա, 1 ինքնաշեն պարան, 209 խաղաթուղթ, էլեկտրական 1 ինքնաշեն սալիկ և 1 ջրատաքացուցիչ, լոտո՝ իր խաղաքարտերով, ինչպես նաև 5 լիտր ինքնաշեն գինու թուրմ և 0,250 լիտր սպիրտ։
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից հայտնաբերվել և առգրավվել են 7 բջջային հեռախոս, 1 պլանշետ, 2 մարտկոց, 9 լիցքավորիչ, 12 USB լար, 9 ականջակալ, 2 հիշողության կրիչ և 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև 107 խաղաքարտ, 2 զույգ ինքնաշեն զառ, 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, 6 լիտր ինքնաշեն գինի, 1 լիտր օղի և 27 կգ ինքնաշեն օղու թուրմ։
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի խցերից ևս հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել արգելված իրեր՝ 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ, 3 ականջակալ, 5 լիցքավորիչ և 3 մարտկոց, նաև 1 ինքնաշեն ջրատաքացուցիչ, պարանով ամրացված 4 պարկ՝ փոխանցումներ կատարելու համար, և դաջվածքի ինքնաշեն 1 սարք։
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ․ Ա․-ի անվամբ քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից բերված հանձնուքում առկա 10 շիշ հանքային ջրերից երկուսը լցված են եղել օղուն բնորոշ հոտով հեղուկով։
Նույն օրն իրականացվել են նաև չնախատեսված խուզարկություններ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 3 բաժանորդային քարտ, 1 ականջակալ, 2 wi-fi սարք, գործարանային արտադրության 76 խաղաքարտ, 2 ինքնաշեն նարդի՝ իրենց զառերով, և 27 կտրող-ծակող գործիք։
Չնախատեսված խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի խցերում, ինչի արդյունքում հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ, 5 կտրող-ծակող գործիք, 1,5 լիտր ինքնաշեն օղի և 0,5 լիտր ինքնաշեն գինու թուրմ։